18/12/2009 12:39
Թուրքական արծիվները Հատիսից բարձր չեն թռչում
Երևանի «Հատիս» կանանց բասկետբոլի թիմը «Միկա» մարզահամալիրում դժվարին հաղթանակ տոնեց թուրքական «Բեշիկթաշի» նկատմամբ 78:74 հաշվով: Ինչպես երևում է հանդիպման արդյունքից, թուրքական թիմը Ստամբուլում «Հատիսից» կրած պարտությունից, որը նաև մրցակցին թերագնահատելու հետևանք էր, ճիշտ հետևություն էր կատարել և այս անգամ ասպարեզ էր մտել հաղթանակի հասնելու վճռականությամբ, սակայն «Հատիսի» բասկետբոլիստուհիներն առաջին իսկ խաղափուլից սկսած` իրենց կամքը թելադրեցին մրցակցին և մեկնարկային խաղափուլն իրենց օգտին գրանցեցին` 24:17 հաշվով:
2-րդ և 3-րդ խաղափուլերում նույնպես հատիսցիները տիրում էին տարածքային ու խաղային առավելությանը և վերջին խաղափուլից առաջ առջևում էին 9 միավորի տարբերությամբ: Հյուրերը 4-րդ խաղափուլում կարողացան միավորների տարբերությունը հասցնել 4-ի, բայց նրանց ավելին անել չհաջողվեց:
«Հատիսը» արժանի հաղթանակ տոնեց և մտավ Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ:
Ավելացնենք, որ մարզահամալիրում խաղին հետևում էին նաև Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք:
Այս հաղթանակի շնորհիվ «Հատիսը» խմբում գրավեց 2-րդ տեղը` շրջանցելով «Բեշիկթաշին»: Երկու թիմերն էլ իրենց ակտիվում 9 միավոր ունեն, սակայն «Հատիսը» թուրքական ակումբի հետ երկու հանդիպումներում էլ հաղթանակներ է տոնել և անձնական մրցակցությունում լավագույն արդյունքի շնորհիվ խմբային փուլն ավարտեց 2-րդ հորիզոնականում: Իսկ առաջին տեղում հունական «Աթինաիկոսն» է, որը վաստակել է 11 միավոր: