19/12/2009 13:39
Կբարձրացվի Հայաստանի սահմանային անվտանգության մակարդակը
Հայաստանի սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման, ենթակառուցվածքների առկա վիճակի և դրանց արդիականացման ու վերազինման վերաբերյալ առաջարկությունների մշակման միջգերատեսչական աշխատանքային խումբը դեկտեմբերի 19-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նիստում հավանության է արժանացել Հայաստանի պետական սահմանների կարիքների գնահատման փաստաթուղթը:
Կարևորելով սահմանային անվտանգության ապահովման և ենթակառուցվածքների արդիականացման խնդիրները` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի սահմանային ենթակառուցվածքները պետք է համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին: 2010 թվականից կմեկնարկի «Ինտեգրված սահմանների կառավարում» ծրագիրը, որը կիրականացվի Եվրամիության ֆինանսավորմամբ: Հայաստանին կհատկացվի շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար` արդիականացնելու Հայաստան-Վրաստան սահմանային երկու անցակետերը:
Աշխատանքային խումբը մինչև 2010 թվականի մայիս ամիսը կմշակի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարություն, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից: