19/12/2009 11:02
Տիկնիկների երկորդ կյանքը` Հայաստանի տիկնիկային թանգարանում
Հունվարին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու Տիկնիկների թանգարանի պաշտոնական բացման արարողությունը: Ինչպես հայտնեց թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը` թատրոնին վերջապես հաջողվել է լուծել անհրաժեշտ ցուցափեղկերի խնդիրը, և թատրոնի արխիվում եղած տիկնիկները ներկայացնել լայն հասարակությանը:
Տեղեկացնենք, որ թանգարանը, որը գտնվում է Տիկնիկային թատրոնի ներսում, կրելու է թատրոնի հիմնադիրներից մեկի` Պավլոս Բորոյանի անունը, ով իր համառության շնորհիվ կարողացել է հասնել նրան, որ 1975 թ-ին Հայաստանի մշակույթի նախարարությունը թույլատրել է տիկնիկների թանգարան բացել:
Աշխարհում գործող եզակի տիկնիկային թանգարանների կողքին Հայաստանի տիկնիկների թանգարանը աշխարհին ներկայացնելու է ոչ միայն խաղարկային տիկնիկներ, այլև տարբեր երկրների ազգային տիկնիկներ ու տիկնիկների էսքիզներ: Թանգարանի ոչ խաղարկային տիկնիկների թվում են նաև Հնդկաստանի տարբեր նահանգների ազգային տարազներով տիկնիկները, որոնք տարիներ առաջ նվիրել է Հնդկաստանի վարչապետը:
Բացի այդ` թանգարանում ներկայացվելու են 1982 թ-ի Հայաստանում տեղի ունեցած Անդրկովկասյան երկրների առաջին տիկնիկային փառատոնի շրջանակներում ներկայացված Խորհրդային միության երկրների նկարիչների աշխատանքները, որոնց մի մասը հենց այն ժամանակ Հայաստանի ղեկավարությանը հաջողվել է պահել Երևանի տիկնիկային թատրոնում:
Երևանի տիկնիկային թատրոնը շուրջ 6 տարի համագործակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ և տիկնիկների փոխանակում է կատարում այլ երկների հետ: Այսպիսով, թատրոնն ունի անգլիական, ղազախական, բուլղարական ու այլ ազգային տիկնիկներ: Թատրոնի տիկնիկների շարքում իրենց ուրույն տեղն են գրավում նաև նվեր-տիկնիկները, այդ թվում` չինական ազգային տիկնիկը, որը թատրոնին նվիրել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և նոր զելանդական տիկնիկը, որը նվիրել է ՀՀ երկրորդ նախագահի կինը`Բելլա Քոչարյանը:
Հարկ է նշել նաև, որ տարբեր փորձությունների ու պատմությունների միջով անցած Տիկնիկների թանգարանը, որի տիկնիկները ոչ միայն գողացվել են, այլև վաճառվել են անխիղճ ղեկավարնների կողմից, այսօր իր ֆոնդում ունի շուրջ 300 տիկնիկ: Այս տիկնիկները, չնայած 2002 թ-ին վերանորոգվել են Լինսի հինադրամի օժանդակությամբ, սակայն առայժմ չեն ցուցադրվելու ամբողջությամբ:
Ցուցադրվելու են տիկնիկների միայն մի մասը, որոնց համար առաջին ցուցափեղկը կառուցվել է մոտ 5 տարի առաջ Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ, ներկայումս` Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի աջակցությամբ, ևս 4 ցուցափեղկերի կառուցման համար միջոցներ է հատկացրել Մշակույթի նախարարությունը, իսկ մնացած 3-ը կառուցվել են Տիկնիկային թատրոնի միջոցներով: