19/12/2009 13:03
ՀԲ-ն Ադրբեջանին 450 մլն դոլարի վարկ է հատկացնում
Համաշխարհային Բանկն Ադրբեջանին 450 մլն դոլարի վարկ կտրամադրի` երկաթուղիների վերականգնման նպատակով,- ասված է Ադրբեջանում ՀԲ ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ:
Ուրբաթ Ադրբեջանի կառավարությունը և Համաշխարհային Բանկը ստորագրել են համապատասխան վարկային պայմանագիր: Փոխառությունը կտրամադրվի Համաշխարհային Բանկի վերակառուցման և զարգացման առևտրային հիմունքներով` 17 տարի ժամկետով, որից 4 տարին` արտոնյալ պայմանով:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի երկաթուղիների վերականգնման ծրագիրը գնահատվում է 673 միլիոն դոլար, որից 223 միլիոն դոլարը համաֆինանսավորելու է կառավարությունը:
ՀԲ վարկը հիմնականում կուղղվի Բաքու-Բեյուք (Վրաստանի հետ սահման) հատվածի վերականգնման, 50 նոր լոկոմոտիվների ձեռքբերման և Ադրբեջանի երկաթուղիների ֆինանսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ:
1992 թ-ից ի վեր, Համաշխարհային բանկը Ադրբեջանին է տրամադրել 2,7 մլրդ դոլարի վարկ` 52 նախագծերի համար: