22/12/2009 12:04
15 միլիոն` ՀԷԿ-երի զարգացման ծրագրին
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն և «Ամերիաբանկ»-ը այսօր ստորագրեցին 15 միլիոն դոլարի վարկի տրամադրման պայմանագիր: Ֆինանսավորումն ուղղվելու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի փոքր ծավալի ծրագրերը ֆինանսավորելու համար:
«Ամերիաբանկ»-ի տնօրենության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը լրագրողմների հետ զրույցում հայտնեց, որ բանկի հանձնաժողովը նախնական հավանության է արժանացրել փոքր ՀԵԿ-երի կառուցման 8 նախագծեր, որոնք ներկայումս քննարկվում են:
IFC Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Լյուբեքը, իր հերթին, ասաց, որ ծրագիրը կոչված է նպաստելու վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, և հիմնականում ուղղված կլինի փոքր ՀԷԿ-րին:
«Սա աշխարհում իրականացվող ծրագրի մի մասն է», - շեշտեց նա:
Պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞վ է գրավիչ լինելու «Ամերիաբանկ»-ի առաջարկը հաճախորդների համար` Թ.Լկուբեքն ասաց, որ ամենագրավիչ կողմը ֆինանսավորման երկարաժամկետությունն է:
«Վարկավորման տոկոսադրույքը լինելու է 10-12 տոկոս, կտրամադրվի մինչև 8 տարի ժամկետով, որից 3 տարին կլինի արտոնյալ»,- պատասխանեց Ա.Հանեսյանը և նշեց, որ կախված կոնկրետ ծրագրից` հնարավոր է նվազեցնել տոկոսադրույքը և կրճատել վարկի մարման ժամկետը: Նա նաև հայտնեց, որ քննարկում են նախագծին ևս 5-ից 10 միլիոն դոլարի ներգրավում:
Թ.Լյուբեքն ընդգծեց, որ վարկավորված ծրագրերի արդյունքում ակնկալվում է, որ ածխաթթու գազի արտանետումները Հայաստանում կկրճատվեն մոտավորապես տարեկան 30 հազար տոննայով: