23/12/2009 13:13
Տեղի ունեցավ «Պարզեցված ուղեցույցի» շնորհանդեսը
Այսօր Հաշվապահական կենտրոնում տեղի ունեցավ փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված հարկային հաշվառման «Պարզեցված ուղեցույցի» շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը, Հաշվապահական կենտրոնի տնօրեն Հայկ Մնացականյանը, ինչպես նաև գործարարներ, միջազգային կազմակերպությունների, գործարարների շահերը ներկայացնող միությունների և պետական կառույցների ներկայացուցիչներ:
Ն. Երիցյանը կարևորեց ձեռնարկի հրատարակումն այնքանով, որքանով որ այն արդյունավետորեն կօգտագործվի գործարարների կողմից և կօգնի նվազեցնել գործառնական ծախսերը և խնդիրներ չունենալ հարկային հաշվետվություններ ներկայացնելու ժամանակ:
«Սա հերթական նախաձեռնությունն է, որ անում ենք ԵԱՀԿ-ի հետ և ձեռնարկը 2010 թ. համար, ներառյալ այս պահի դրությամբ բոլոր օրենսդրական փոփոխությունները, նկարագրում է, թե տնտեսվարող սուբյեկտները ինչպես պետք է կատարեն հարկային պարտավորությունները»,- ասաց Ն. Երիցյանը:
Ս. Կապինոսը բարձր գնահատեց ՀՀ կառավարության նախաձեռնած քայլերը հարկային դաշտի բարելավման, Հայաստանը տարածաշրջանային բիզնես կենտրոն դարձնելու, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ:
«ՓՄՁ-ները կարևոր տեղ են գրավում տնտեսության զարգացման մեջ, հատկապես մարզերում: ՓՄՁ-ների կայուն զարգացումը կարևոր է ոչ միայն Կառավարության, այլև միջազգային կառույցների համար: ՓՄՁ-ներն ավելի հեշտ են ներդնում նորարարությունները և առանց ՓՄՁ զարգացման հնարավոր չէ իրականացնել տնտեսության արդյունավետ աճ, որը ոչ միայն քանակական, այլև որակական ցուցանիշներն են»,- նշեց Ս. Կապինոսը:
Ի. Կարապետյանը հայտնեց, որ ձեռնարկը նախատեսված չէ վաճառքի համար և բոլոր ցանկացողները կարող են այցելել Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն կամ Հաշվապահական կենտրոն և ստանալ այն:
Հավելենք, որ «Պարզեցված ուղեցույցը» տպագրվել է ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ: