24/12/2009 14:46
Տոներին Զվարթնոցում գերծանրաբեռնվածություն չի լինի
Զարթնոց օդանավակայանում տոնական և նախատոնական օրերին չվերթները կիրականացվեն`ըստ սովորական չվացուցակների: Ինչպես Aysor-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո խոսնակ Նելլի Չերչիլյանը, այս տարվա Ամանորի տոներին Զվարթնոց օդանավակայանը չի աշխատի գերծանրաբեռնված ռեժիմով,և ըստ այդմ` լրացուցիչ չվերթներ չեն նախատեսվում:
Ներկայում օրական 40-50 կանոնավոր չվերթ է իրականացվում Զվարթնոց օդանավակայանով: Ինչ վերաբերում է չարտերային չվերթներին, ապա դրանք, ըստ ամենայնի, մի քանսով կավելանան` հիմնականում կապված տոներն արտերկրում նշել նախընտրողների թվի ավելացման հետ: Այս տարի էլ նախապատվությունը Դուբայ, Եգիպտոս ուղղություններով է:
Ուղևորահոսքերն Ամանորին, ինչպես միշտ, կավելանան: Առանձնապես կակտիվանա Ռուսաստան արտագնա աշխատանքների մեկնած մեր հայրենակիցների ներհոսքը: Մարտից սկսած օդային ճանապարհով ուղևորահոսքերը կրկին կնվազեն:
Նշենք, որ այս տարվա 11 ամիսների ընթացքում օդային սահմանով ուղևորափոխադրումները կազմել է 656527 մարդ, ինչը 6614 մարդով պակաս է եղել անցած տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ: