25/12/2009 15:38
Գործուղումը Բաքու սարսափելի էր
Անգլիական «Daily Mirror»-ը տարեվերջին հետաքրքիր հարցում է անցկացրել իր 9 աշխատակիցների միջև: Անգլիական թերթի լրագրողներն իրենց տպավորություններն են ատահայտել տարբեր երկրների մարզադաշտերի վերաբերյալ, իսկ նրանցից երկուսը հիշել են աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ադրբեջան այցելությունը` շեշտելով, որ դա 21-րդ դարի առաջին տասնամյակում իրենց ամենավատ գործուղումն է:
Ջոն Կրոս, «Daily Mirror»-ի մարզական մեկնաբան
Ամենավատ տպավորություններն ստացել եմ Բաքվի գործուղումից: 2004 թ. Անգլիայի ընտրանին աշխարհի 2006 թ. առաջնութան ընտրական փուլի շրջանակներում խաղում էր Ադրբեջանի ընտրանու հետ: Պայմաններն այնքան վատն էին, որ ՖԻՖԱ-ի տեսուչը վախենում էր խաղի և մարզադաշտում անվտանգության ապահովման խնդրի լուծման համար` կապված եղանակային սարսափելի պայմանների հետ: Այդ օրը, հիշում եմ, Բաքվում անձրևախառն փոթորիկ էր: Իսկ մամուլի ասուլիսների սրահը հյուղակ էր հիշեցնում: Կարճ ասած` սարսափելի էր:
Օլիվեր Հոլտ, «Daily Mirror»-ի մարզական բաժնի վարիչի տեղակալ
Ամենավատ տպավորություններն ստացել եմ Ադրբեջանից: Բաքվում աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումն էր Անգլիայի ու Ադրբեջանի հավաքականների միջև: Շատ ցուրտ եղանակ էր, անձրև էր տեղում: Լրագրողների տրիբունայի վրա ծածկ կար, բայց կարելի է ասել, որ ընդհանրապես չկար: Անձրևը ողողում էր մեզ: Սառել էի, իսկ համակարգիչս անձրևի պատճառով փչացավ: Ստիպված էի հեռախոսով թելադրել աշխատանքային հաշվետվությունը: Խաղից միայն երկու ժամ հետո ես դուրս եկա մարզադաշտից, որտեղ շատ մութ էր: Բնականաբար, մթության մեջ տաքսի փնտրելն այնքան էլ հաճելի չէ: Մի խոսքով` լավ չէր:
Իհարկե, լրագրողների համար աշխատանքային նորմալ պայմանների ստեղծումը ցանկացած մարզադաշտում շատ կարևոր է: Նրանք հենց մարզադաշտից պետք է օպերատիվորեն արձագանքեն խաղադաշտում տեղի ունեցող իրադարձություններին, ներկայացնեն հանդիպման հաշվետվությունը, կատարեն հետխաղային մեկնաբանություններ կամ զրույցի հրավիրեն ֆուտբոլիստներին: Ինչպես ասում են, սեփական տնտեսական հզորության ասին լեգենդներ պատմելուց առաջ ադրբեջանցիները պետք է որ մտահոգվեին սեփական մարզադաշտի վիճակով: Առկա իրավիճակը, սակայն, խոսում է ոչ թե երկրի կամ ֆուտբոլի ֆեդերացիայի նյութական հնարավորությունների, այլև, որ ամենավատն է, լրագրողների նկատմամբ վերաբերմունքի մասին ընդհանրապես: