25/12/2009 16:03
Վարչապետ. «Պաշտոնատար անձինք զբաղվում են բիզնեսով»
«Պաշտոնատար անձինք զբաղվում են բիզնեսով»,- այսօր ասուլիսում նման գնահատական տվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա, խնդիրն այն է, որ չկան օրենսդրական նորմատիվային հիմքեր, որոնք հնարավորություն կտան այս երևույթի հետ աշխատելու և հիմա պետք է քաղաքական կամք` ընդունելու համապատասխան օրենսդրություն, որպեսզի դա լինի ոչ միայն քաղաքական, այլ` առարկայական գնահատական: Միաժամանակ, Հհ վարչապետը նշեց, որ պաշտոնական անձինք իրավունք ունեն լինել սեփականատերեր, այս կամ այն բաժնետիրական ընկերությունում ունենալ փայամասնակցություն, լինել բիզնեսի լիակատար սեփականատերեր, բայց նրանք իրավունք չունեն «զբաղվել բիզնեսով և կառավարել այն»:
«Եթե մենք գիտենք, որ պաշտոնյան բիզնես ունի, պետք է մեխանիզմներ ստեղծենք, որ նա չկարողանա կառավարել այդ բիզնեսը: Այդ մեխանիզմները քաղաքակիրթ աշխարհում ստեղծված են և պետք է ներդնենք: Ամենակարևորը` բարձրաստիճան պաշտոնատար անձնաց գործունեությունը դարձնել հրապարակային և վերահսկելի և առաջին հերթին հանրության կողմից»,- շեշտեց Տ. Սարգսյանը:
Այդ նպատակով ստեղծվելու է հատուկ մարմին, որը հանրության առջև հաշվետու կլինի իր բացահայտումների մասին: ՀՀ վարչապետի խոսքով, 2010 թ-ին այս խնդիրը դառնալու է Ազգային ժողովի քննարկման առարկա:
Իսկ մինչ այդ, Տ. Սարգսյանը հրաժարվեց բիզնեսմեն-պաշտոնյաների անուններ հրապարակելուց: