25/12/2009 15:58
Արմավիան նախատեսում է նոր չվերթ դեպի Կանադա
2010թ-ին Հայաստանի ազգային փոխադրող Արմավիա ավիաընկերությունը քննարկում է դեպի Կանադա չվերթ իրականացնելու հնարավորությունը,- այս մասին Aysor-ին տեղեկացրին Արմավիա ընկերությունից: Ինչպես հայտնի է, եկող տարում նախատեսվում են նաև նոր չվերթներ Բարսելոնա, ԱՄՆ, Վարշավա ուղղություններով:
Իսկ անցնող տարում Արմավիան սկսեց ուղիղ չվերթներ իրականացնել Բեռլին, Ցյուրիխ, Հռոմ, Թբիլիսի, Բաթումի, Խարկով, Վլադիկավկազ և Բահրեյն ուղղություններով:
Ընդհանուր առմամբ, Արմավիան ամսական իրականացնում է 250 չվերթներ` ավելի քան 30 ուղղություններով` ԱՊՀ, Եվրոպա և Մերձավոր Արևելք: Ընթացիկ տարում, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ, ընկերության ուղևորահոսքերն ավելացել են 11,5%-ով:
Ներկայում Արմավիան ունի 6 օդանավ (A320-2, A319-3, CRJ 200-1):
Եկող տարի Ազգային ավիափոխադրողը ձեռք կբերի նաև ռուսական Սուխոյ գործարանի «SJ» (Սուպերջեթ) ինքնաթիռներ: