25/12/2009 10:20
Ստորգետնյա ավտոկայանատեղիները կկառուցվեն մասնավորի հաշվին
Երևանում ստորգետնյա ավտոկայանատեղիների շինարարություն իրականացնելու համար ներկայումս ճշտվել է տարածքների ցանկը, ծրագրի իրագործման հեռանկարային ժամկետները և ֆինանսավորման աղբյուրները: Այս մասին Aysor-ի հետ զրույցում հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը:
«Ստորգետնյա ավտոկայանատեղիների շինարարությունն իրականացվելու է հիմնականում մասնավոր ներդրումների հաշվին, որոնցից թվով 5` «Ազատության», «Շահումյան», «Ազնավուրի», «Սախարովի» և «Ֆրանսիայի» հրապարակներում, ստորգետնյա ավտոկայանատեղերի ստեղծման կառուցապատման աշխատանքները նախատեսվում է ըստ առաջնահերթության ավարտել 2014 թ., որի արդյունքում կունենանք 2496 ավտոկայանատեղի»,- ասաց Ս. Դանիելյանը:
Ըստ Երևանի գլխավոր ճարտարապետի, Գլխավոր հատակագծով և Երևան քաղաքի վարչական շրջանների գոտիավորման նախագծերով նախատեսված է ևս 9 ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցում` «Հանրապետական մարզադաշտ», «Տաշիր հանրախանութ», Զավարյան փողոցի վրա` շուկայից դեպի ձախ ընկած հատված, «Կիլիկիա-1», «Կիլիկիա-2», «Կիլիկիա-3», «Ծիծեռնակաբերդի խճուղի-1», «Ծիծեռնակաբերդի խճուղի-2», Օղակաձև զբոսայգու «Արարատ» թենիսի կորտեր, «Էրեբունի հյուրանոցին հարող հրապարակ» տարածքներում: Դրանց կառուցապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2020 թ., որի արդյունքում կստեղծվի 2355 ավտոկայանատեղի:
«Այդպիսով, ընդամենը 4851 ավտոկայանատեղի` միայն Կենտրոն վարչական շրջանում»,- ընդգծեց Ս. Դանիելյանը:
Ազատության հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարությունը, որը սկսվել էր 2008 թ. հոկտեմբերին, մոտենում է իր ավարտին: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2010 թ. գարնանը: Եռահարկ ավտոկայանատեղին նախատեսված է 500 մեքենայի համար:
Ս. Դանիելյանը նաև հայտնեց, որ մշակվել է 2009-2020 թթ. համար ստորգետնյա և վերգետնյա բազմահարկ ավտոկայատեղիների ստեղծման ծրագիր` Երևան քաղաքի թաղային համայնքների գոտիավորման նածագծերով նախատեսված ներբակային տարածքներում:
Երևանում ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցման հիմնական նպատակը փողոցները տրանսպորտային միջոցների կայանումից ազատելն է, հատկապես քաղաքի փոքր կենտրոնում:
Հավելենք, որ ավտոկայանատեղիները լինելու են վճարովի: