25/12/2009 11:11
Լևան Վեպխվաձե. «Վրաստանը պատրաստ է օգնել մեր հայ ընկերներին»
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, «Քրիստնյա-դեմոկրատ» խմբակցության անդամ Լևան Վեպխվաձեն ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի միջև շփումները` կապված «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ անցագրային կետի (ՀԱԿ) բացման որոշման հետ: Ըստ Լևան Վեպխվաձեի, հսկիչ անցագրային կետի բացման բանակցությունների նախաձեռնողը եղել է Հայաստանը:
«Վրաստանը պատրաստ է օգնել մեր հայ ընկերներին և բացել ՀԱԿ-ը»,- ասել է Վեպխվաձեն «Գոլոս Ամերիկի» ռուսական ծառայությանը հեռախոսազրույցի ընթացքում:
Լևան Վեպխվաձեն գտնում է, որ սկզբում «Վերին Լարս»-ով պիտի անցնեն միայն բեռներ, որոնք պատկանում են երրորդ կողմին, նախ և առաջ Հայաստանին:
«Ես կարծում եմ, որ սկզբնական շրջանում քաղաքացիական անձանց ելումուտի համար այն փակ կլինի», - հայտարարել է նա:
Սակայն Վեպխվաձեն զգուշանում է հնարավոր սադրանքներից` կապված հսկիչ անցագրային կետի բացման հետ, որին, ըստ նրա, կարող է հետևել ռուսական զորքերի ներխուժումը:
Ըստ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի, Կազբեկի շրջանի բնակչությունը դեմ է Ռուսաստանի հետ սահմանը բացելուն:
«Տեղի բնակչությունը վախենում է, որ կրկնվի այն, ինչ եղավ Ալխագորիում, որտեղ մտել էր ռուսական զորքը»,- հավաստել է Վեպխվաձեն,- դրանից հետո էթնիկ-վրացի բնակչությունը ստիպված է եղել լքել Ալխագորիի շրջանը: Դրա պատճառով տեղի բնակչությունը վախենում է Հյուսիսային Օսիայից այն մարդկանց վերադարձից, ովքեր ժամանակին բնակվել են Կազբեկի շրջանում: Նրանք կարող են սադրանքներ իրականացնել, որպեսզի այնտեղ տեղակայվեն ռուսական զորքերը` իբրև թե կարգ ու կանոն հաստատելու համար»: