26/12/2009 13:18
Երիտասարդ գիտնականներ. Մեկնել արտասահմա՞ն, թե՞ մնալ Հայաստանում
Վերջին տարիներին երիտասարդ գիտնականների, ուսանողների համար համեմատաբար լավ պայմաններ են ստեղծված արտերկրում ուսանելու, զանազան դրամաշնորհների, հրավերների միջոցով նաև աշխատելու համար:
Երևանի Պետական համալսարանի դասախոսներից մեկը մի առիթով ասաց, որ իր ուսանողները գնում են արտասահմանում աշխատում, իսկ երբ հետ են գալիս իրեն «վերևից են նայում»` քանի որ նրանք ավելի շատ են վաստակում, քան իրենք` դասախոսները:
Դասախոսների մի մասը այն կարծիքին է, որ արտերկրում և ուսանելը, և աշխատելը կարևոր է երիտասարդ գիտնականի համար, և որ աշխատանքը` հատկապես հետազոտական, ազատություն է սիրում: Սակայն կան դասախոսներ, ովքեր պնդում են, որ պետք չէ երիտասարդ գիտնականները դուրս գան, քանի որ գնալուց հետո հիմնականում չեն վերադառնում. անհրաժեշտ է, որ նրանք մնան Հայաստանում և Հայաստանում ստեղծվի արժանապատիվ ապրելու և գիտնականին հարիր աշխատանքի պայմաններ:
Երիտասարդ գիտնականների կարծիքը լսեց Aysor-ի լրագրողը:
ԵՊՀ երրորդ տարվա ասպիրանտ Արամ Զեյթունյանն ասաց, որ մասնագետի համար բոլոր տեղերում էլ պայմանները լավ են, եթե վատ պայմաններ լինեն, ապա մասնագետը կարող է այնպես անել, որ պայմանները լավանան:
«Ես կուզենայի մեկ կամ երկու տարի ավելի լավ մակարդակի վրա աշխատել, բայց անպայման վերադառնալու ակնկալիքներով: Հայաստանում ինձ համար լավ են հնարավորությունները: Ես աշխատում եմ լաբորատորիայում, որտեղ բոլոր սարքավորումները կան լավ գիտական աշխատանք կատարելու համար, բայց բոլորի անունից չեմ կարող խոսել»,- ասաց Արամ Զեյթունյանը:
«Ես ծրագրեր չունեմ արտասահման գնալու կամ այստեղ մնալու: Արտասահմանը շատ ավելի գրավիչ է երիտասարդ գիտնականների համար: Այսօր երիտասարդները շատ ավելի հնարավորություններ ունեն արտասահման մեկնելու, և այդ պատճառով երիտասարդների հոսքը ավելի մեծ է: Ես փորձարարական ֆիզիկայով եմ զբաղվում և կցանկանայի ունենալ աշխատելու համար մինիմալ պայմաններ: Կան իհարկե սարքավորումներ, բայց դրանք ֆիզիկապես և բարոյապես բավականին հնացած են
և արդի պահանջներին չեն համապատասխանում: Իսկ աշխատանքներ ստեղծելու համար անհրաժեշտ են ժամանակակից սարքավորումներ: Արտասահմանում մշտական ապրելու համար չէի գնա, ժամանակավոր` գուցե»,- ասաց ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտներից մեկը` չներկայանալով:
ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետից Դիանա Անտոնոսյանն էլ ասաց, որ Հայաստանում հատկապես փորձարարական ֆիզիկայով զբաղվողների համար անհրաժեշտ պայմաններ չկան: Նրանք, ըստ Դիանայի, տարիներով չեն կարող փորձ անել, մինչև համապաստասխան սարքավորումներ չունենան:
«Եթե արտասահմանում աշխատելու հնարավորություն ունենայի` կգնայի: Ծանոթներ ունեմ, որ գնացել են և հետ գալու մտադրություն չունեն: Գրանտներ կան, և շատ են օգնում, բայց դա հարցի լուծում չէ: Ես աշխատում եմ կես դրույք և ստանում եմ 15. 000 դրամ, որն, իհարկե, շատ քիչ է»,- ասաց Դ. Անտոնոսյանը: