26/12/2009 16:35
Նախագահը պատվավոր կոչումներ և մեդալներ է շնորհել մարզիկներին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար սպորտի բնագավառի մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչման է արժանացել «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի ղեկավար Սիրեկան Ջանոյանը, իսկ վաստակավոր մարզչի` ծանրամարտի մարզիչներ Երվանդ Կիրակոսյանը և Աշոտ Դանիելյանը, հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ Արմեն Բաբալարյանը, թաեքվոնդոյի մարզիչ Արսեն Ավետիսյանը, բռնցքամարտի մարզիչներ Սամվել Սողոմոնյանը և Արման Հարությունյանը:
Մեկ այլ հրամանագրով մարզական պատիվը բարձր պահելու, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ծանրամարտի զարգացումը խթանելու համար 2009 թվականի ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին:
Հայաստանի Հանրապետությունում ծանրամարտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երիտասարդ մարզիկների պատրաստման գործում ունեցած մեծ նվաճումների համար Արարատի մարզի մանկապատանեկան մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Գառնիկ Ալեքսանյանը և ՀՀ ծանրամարտի կանանց հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով: