29/12/2009 11:59
Տարին ամփոփեց ՀՀ ֆինանսների նախարարը
Այսօր ֆինանսատնտեսական տարին ամփոփեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա բնորոշմամբ, իր գլխավորած գերատեսչությունը տարեկան աշխատանքն ավարտում է վերջինը և սկսում առաջինը:
«Առանձնահատուկ տարի էր տնտեսության համար: Աշխատում էինք գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի, ընդհանուր ռեցեսիայի պայմաններում և բավականին բարդ տարի էր: Ունեցանք բավականին խնդիրներ: Փորձությունների տարի էր, որովհետև 90-ականներից հետո Հայաստանի տնտեսությունը չէր գտնվել այնպիսի դժվարությունների մեջ, ինչպիսին այս տարի»,- նշեց նախարարը:
Տ. Դավթյանի գնահատականով, պետությունը դժվարություններից պատվով է դուրս եկել և, ընդհանուր առմամբ, երկրում պահպանվել է ֆինանսատնտեսական և մակրոտնտեսական կայունությունը: Երկրորդ սերնդի բաեփոխումները շարունակվել են, թեև նախատեսվածից քիչ ծավալով:
«Տարվա սկզբին պարզ չէր, թե ինչպիսին կլինի տարվա վերջը: Այսօր արդեն կարելի է վստահ ասել, որ ընդհանուր առմամբ, պահպանեցինք մակրոտնտեսական կայունությունը և տնտեսությունը կայունացման փուլ է մտել»,- հավաստեց Տ. Դավթյանը` նշելով, որ հաջորդ տարվանից ամրապնդելով կայունությունը, հետզհետե կվերադառնանք նախկին ցուցանիշներին:
Ֆինանսների նախարարի ներկայացրած տվյալների համաձայն, տարեկան տնտեսական անկումը կլինի մոտ 15 %, ինչը կանխատեսվում էր թե՛ ՀՀ կառավարության, և թե՛ միջազգային կառույցների կողմից: Ինֆլյացիոն մակարդակը կկազմի 5-5.5 %, որն, ըստ նախարարի, տեղավորվում է բյուջեի շրջանակներում: Տ. Դավթյանի խոսքով, նաև կլինի որոշ ցուցանիշների աճ, ինչը ոչ միայն զարմանալի է, այլև` ուրախալի: Մասնավորապես, աճ կլինի մանրածախ ապրանքաշրջանառության ծավալում, որը ստվերի կրճատման հետևանք է: Տարվա ընթացքում 11 %-ով աճել են նաև աշխատավարձերը, ինչը բավականին շոշափելի է պետական հատվածում:
«Թեև ընդհանուր իրավիճակը լարված էր, բայց կարողացանք կատարել բոլոր պարտավորությունները, հատկապես սոցիալական»,- ասաց Տ. Դավթյանը` հավաստիացնելով, որ ֆինանսական ռեսուրսների հատկացման հետ կապված խնդիրներ չեն լինի նաև հաջորդ տարում,- «Այս պահին 80 մլրդ ազատ ռեսուրսներ ունենք, տարեսկզբի 70 մլրդի փոխարեն: Նաև կան կայունացման հիմնադրամի, ռուսական վարկի միջոցները»:
Նախարարը հայտնեց, որ հարկային եկամուտները կազմել են 520 մլրդ դրամ, որը որոշ չափով ավելի ցածր է, քան` նախորդ տարի, բայց ավելի շատ, քան` նախատեսվում է 2010 թ-ին: