29/12/2009 13:06
«Հայաստան-Սփյուռք գործակցությունը դարձավ մտածելակերպ»
Այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ամփոփելով 2009թ.-ը, նշեց, որ 95 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ Ցեղասպանություն իրագործելու արդյունքում միլիոնավոր հայեր տեղահան եղան և դարձան աշխարհասփյուռ: Նախարարը հիշեցրեց, որ որպեսզի այդ մարդկային ահռելի ռեսուրսի հետ կապերն ու հարաբերությունները կարգավորվեն, ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ ստեղծվեց Սփյուռքի նախարարություն:
«Սփյուռքի նախարարությունն իր հետ բերեց նախ և առաջ համահայկական մտածողություն», - նշեց Հրանուշ Հակոբյանը և հավելեց, որ 2009թ.-ի ընթացքում կազմակերպվել են համաժողովներ, հանդիպումներ, գիտաժողովներ` Սփյուռքի և սփյուռքահայերի հետ:
«Հայաստան-Սփյուռք գործակցությունը դարձավ մտածելակերպ և գործելակերպ»,- շեշտեց Սփյուռքի նախարարը:
Հ. Հակոբյանը նշեց, որ այսօր հայկական Սփյուռքը 7 մլն է. 30 հազարից ավելի կազմակերպություն, 20-ից ավելի համահայկական կազմակերպություն:
Նախարարը շեշտեց, որ Սփյուռքի ներուժը պետք է օգտագործել Հայրենիքը հզորացնելու և զարգացնելու համար, և սփյուռքահայերին բնորոշեց որպես «հայ դեսպաններ աշխարհի տարբեր երկրներում»:
Քանի որ Հայաստանում սփյուռքի մասնագետներ գրեթե չկան, Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ Երևանի պետական համալսարանում բացվել է սփյուռքագիտության ամբիոն և այսօր 11 մագիստրոս Սփյուռքի նախարարության պատվերով պատրաստվում են և ակտիվորեն մասնակցում են ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող միջոցառումներին: