29/12/2009 12:09
Կենսաթոշակները կվճարվեն ժամանակին
ՀՀ ֆինանսների նախարարության, Հայփոստի և համապատասխան այլ կառույցների աշխատակիցները 2010 թ. հունվարի 4-5-ին դուրս կգան աշխատանքի` թոշակառուների կենսաթոշակների վճարումն ապահովելու նպատակով:
Ինչպես այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, թոշակները սովորաբար վճարում են ամսվա սկզբին, սակայն 10-օրյա արձակուրդի պայմաններում խնդիր էր առաջանում և, որպեսզի թոշակառուներին չսպասեցնեն մինչև հունվարի կեսերը, համապատասխան կառույցների աշխատակիցները տոնական օրերին կաշխատեն: Կենսաթոշակների վճարումները կսկսվեն Երևանում, ապա` հանրապետության մարզերում:
Հարցին, թե ի՞նչ կցանկանար Ձմեռ պապից, Տ. Դավթյանը պատասխանեց. «Շատ և շատ ֆինանսական ռեսուրսներ: Իհարկե, կյանքում դա ամենակարևորը չէ, բայց անհրաժեշտ նախապայման է շատ հարցեր լուծելու համար»:
Տ. Դավթյանի խոսքով, պետության, տնտեսության և ընտանիքի համար կարևորը կայունությունն է: