29/12/2009 12:42
Ձերբակալվել են բնապահպանական պետական տեսչության պետն ու տեղակալը
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ, 1958 թ. ծնված Արսեն Պետրոսյանը մի ընկերությունում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու և կազմվող ակտի գումարի չափը մինչև 10 միլիոն դրամ նվազեցնելու համար պահանջել է 5 միլիոն դրամ կաշառք:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում` դեկտեմբերի 28-ին, ՀՀ բնապահպանության նախարարության իր աշխատասենյակում կաշառք վերցնելու փաստով Արսեն Պետրոսյանը մերկացվել է: Նրա մոտ հայտնաբերվել է վերցված գումարից 1.210.000 դրամը, իսկ մնացած 3.790.000 դրամը Ա. Պետրոսյանը հասցրել էր փոխանցել նույն տեսչության պետ, 1960 թ. ծնված Տիգրան Գրիգորյանին:
Միջոցառման ընթացքում, բացի վերցված կաշառքից, Ա. Պետրոսյանն իր գրպաններից ներկայացրել է նաև 2 միլիոն դրամ և ԱՄՆ 1.000 դոլար, իսկ տեսչության պետ Տ. Գրիգորյանը, բացի Ա. Պետրոսյանի կողմից տված կաշառքի գումարից, նույն պոլիէթիլենային փաթեթի մեջ ներկայացրել է 3.800.000 դրամ, 15.000 դոլար ու ևս 18.000 դոլար:
Արսեն Պետրոսյանը և Տիգրան Գրիգորյանը ձերբակալված են:
Նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից: