14/01/2010 10:06
Բաթումիում մեկնարկում է միջազգային էներգետիկ խորհրդաժողովը
Այսօր վրացական Բաթումի քաղաքում կմեկնարկի միջազգային էներգետիկ խորհրդաժողովը, որին կմասնակցեն 12 երկրների կառավարական պատվիրակություններ: Ավելի վաղ նախատեսված էր անցկացվել ոչ թե խորհրդաթողով, այլ գագաթաժողով, սակայն հանդիպման ձևաչափը փոխվել է:
Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը, միջոցառմանը ներկա կգտնվեն Բալթյան երկրների, Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքմենիայի, Ղազախստանի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ պատվիրակությունը` էներգետիկայի հարցերով պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի գլխավորությամբ:
Ի սկզբանե, եթե ձևաչափը չփոխվեր, նախատեսված էր նախագահներ Իլհամ Ալիևի, Լեհ Կաչինսկու և Վիկտոր Յուշչենկոյի մասնակցությունը:
Ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խեթագուրին, տնտեսական այս միջոցառումը նվիրված է Հարավային էներգետիկ միջանցքի զարգացմանը և Արևմտյան Եվրոպային կասպյան էներգակիրների մատակարարման քննարկմանը:
Նշենք, որ Հարավային էներգետիկ միջանցքի հռչակագիրը սատարում են Nabucco նախագծին միացած բոլոր երկրները: