15/01/2010 13:19
Բաքվի ջարդերը` «էթնիկ զտումներ», իսկ Ադրբեջանը` «ցեղասպանածին»
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ այսօր կլոր սեղան է կազմակերպվել` նվիրված Բաքվում 1990 թ. հունվարյան ջարդերի 20-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցում էին ՄԻՊ Արմեն Հարությունյանը, ՀՀ-ում փախստականների հարցերով կոմիտեի նախագահ Գագիկ Եգանյանը, իրավապաշտպաններ, փախստականների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՄԻՊ Արմեն Հարությունյանի խոսքով, ներկայումս մենք մի ծայրահեղության մեջ ենք ընկել` մոռացության մատնելով այս խնդիրը, որ ինտեռնացիոնալ Բաքվից վերացավ մոտ 250 հզ-ոց հայ համայնքը և նույնը կատարվեց Ադրբեջանի մյուս շրջաններում, որտեղից ընդհանուր առմամբ մոտ 600 հզ. հայեր, որ բնիկներ էին, հեռացան:
«Միշտ հակասություններ կան թե՛ ժողովրդի ներսում, թե՛ ժողովուրդների միջև, բայց երբեք տոտալիտար համակարգը չի նպաստում դրանց խաղաղ լուծմանը: Դրա արդյունքն է նաև այն ինչ եղավ Ադրբեջանում»,- ասաց Ա. Հարությունյանը, հավելելով, որ որքան շուտ ժողովրդավարությունը դառնա դոմինանտ արժեհամակարգ երկրներում, այնքան շուտ կլուծվեն խնդիրները:
Հայաստանում Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը 1988-1990 թթ. Բաքվում կատարվածը որակեց որպես «էթնիկ զտումներ», իսկ Ադրբեջանը բնութագրեց որպես «ցեղասպանածին», այսինքն` ցեղասպանությամբ ծնունդ առած: Ըստ նրա, Ադրբեջանի ձևավորման առաջին իսկ օրերից տեղի է ունեցել բուն բնակիչների զտում. «Երբ նպատակ կա ստեղծել այսպես կոչված «ազգային պետություն», որ այդ պետություների ազգությունը որպես այդպիսին գալիս է ոչ թե դարերի խորքից, այլ իրենք գալիս են այդ տարածքների վրա հաստատվելու` ոչնչացնելով այդ տարածքների աբորիգեն ազգերին և ոչնչացնելով նրանց մշակութային ժառանգությունը»:
Լ. Ալավերդյանի խոսքով, այդ էթնիկական զտումները տարիներ անց որևէ զղջում առաջ չեն բերել, այլ հակառակը` ադրբեջանցիներն այնպես են նենգափոխում, որ քիչ է մնում պահանջեն, որ հայերը ներողությամբ հանդես գան: Պատգամավորը նշեց, որ սա ոչ միայն հայության, այլ մարդկության հանդեպ հանցագործություն է և պետք է ակտիվորեն հանդես գալ միջազգային ատյաններում:
«20 տարի անց էլ խնդիրը մնում է նույնչափ արդիական և Ադրբեջանը շարունակում է իր կողմից որդեգրած էթնիկական զտումները և Ցեղասպանությունը` որպես քաղաքականություն: Պետք է նոր զարկ տալ այսպիսի աշխատանքներին»,- ասաց Լ. Ալավերդյանը: