15/01/2010 12:07
«Հատիսը» կրկին պարտվեց և դուրս մնաց պայքարից
Երևանի կանանց «Հատիս» բասկետբոլային թիմը Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակներում պատասխան հանդիպումն է անցկացրել Օրենբուրգի «Նադեժդայի» հետ: Հաջորդ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ էր, որպեսզի մեր թիմը հաղթի նվազագույնը 12 միավորի տարբերությամբ, քանի որ առաջին խաղում Երևանում պարտվել էր 69:80 հաշվով: «Հատիսը», սակայն, կրեց երկրորդ պարտությունը և դուրս մնաց եվրոպական ակումբային մրցաշարից:
Հետաքրքիր է, որ «Հատիսի» բասկետբոլիստուհիներն առաջին խաղափուլից հետո հաշվի մեջ առջևում էին 16:14 հաշվով:Դաշտի տերերին երկրորդ փուլում հաջողվեց կշեռքի նժարը թեքել իրենց օգտին և հաղթել 5 միավորի տարբերությամբ (39:34): Մյուս երկու խաղափուլում «Նադեժդան» ավելացրեց միավորների տարբերությունը և վերջնարդյունքում հաղթանակ տոնեց 80:65 հաշվով:
Ավելացնենք, որ մեր թիմում լավագույնները Դաբովիչն ու Զարիցկան էին, ովքեր վաստակեցին համապատասխանաբար 24 և 16 միավոր: