15/01/2010 10:21
Թերակշռումների, կշռաքարերի կուրիոզների և պասիվ պաշտոնյաների մասին
Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության ենթահանձնաժողովը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ծրագիր է մշակել, որի համաձայն Էկոնոմիկայի նախարարության, Ստանդարտների և չափագիտության ինստիտուտի ու Հանրային խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ պետք է հաճախակի այցեր կազմակերպվեն սուպերմարկետներ, առևտրի խոշոր կենտրոններ` թերակշռումների դեպքերը բացահայտելու նպատակով: Նոր ծրագրի մեկնարկի մասին ՀԽ ենթահանձնաժողովի ղեկավար Արշակ Սադոյանը հայտարարել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին, իսկ ստուգայցերը պետք է սկսվեին դեկտեմբերի 24-25-ին:
Aysor-ի հետ զրույցում Ա. Սադոյանը հայտնեց, որ «արդեն 1-2 ստուգայց անցկացվել է, հիմա ծրագրվում է նորից սկսել և առաջիկայում համապատասխան գործողություններ իրականացնել»:
«Խախտումներ արձանագրվել են շատ տեղերում, բայց իրավական ընթացք տալու տեսակետից գործողություններ չեն արվել: Ծրագիրը շարունակական է, նախատեսվում է շաբաթը մեկ անգամ արդյունքների ներկայացում հանրությանը»,- ասաց Ա. Սադոյանը, հավելելով, որ արդյունքներ կլինեն հաջորդ շաբաթվա կեսերին:
Սակայն, մեզ հետ զրույցում Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, ով ՀԽ նույն ենթահանձնաժողովի ներկայացուցիչ է, հայտնեց, որ արդյունքները զրո են. «Ցավոք սրտի, ինձ անհասկանալի պասիվության հետևանքով, ստուգայց չի կայացել: Մենք այդ հարցը Էկոնոմիկայի նախարարությունում բարձրացրեցրել էինք դեռ կես տարի առաջ»:
Ա. Պողոսյանը տեղեկարցեց, որ Հայաստանի տարբեր խանութներում, շուկաներում և վաճառակետերում գոյություն ունի շուրջ 26 հզ. կշեռք, որոնցից ստուգաչափված, կնքված է մինչև 6 հզ-ը:
«Երբ չափագիտության ինստիտուտն արձանագրում է, որ կշեռքը ճշգրիտ չէ, հետո նույն վաճառակետը շարունակում է նույն կշեռքով աշխատել: Այդ լիազորությունները հստակ բաշխված չեն, որպեսզի այդ երևույթը բացառվի մեր կյանքից: Իսկ ստուգաչափման պրոցեսը սկսվում է վաճառող ընկերությունից, որը դիմում է ստուգաչափման համար, ինչը, մեր տեսակետով, անընդունելի է», - նշեց Ա. Պողոսյանը:
Նա ներկայացրեց նաև մի «կուրիոզ»` ո՞վ կարող է պատկերացնել, որ 5 կգ-ոց կշռաքարը իրականում կշռում է 0.5 կգ: Թվում է, թե աբսուրդ է, և տարբերությունը միանգամից կերևա: Սակայն եթե գնում ես 40 կգ կարտոֆիլ կամ 50 կգ շաքարավազ և նժարին դնում են մի քանի կշռաքար, որոնցից մեկը կշռում է 0.5 կգ` 5-ի փոխարեն, ապա... հետևությունն արեք ինքներդ:
Գայանե Խաչատրյան