18/01/2010 15:51
Նախկին վարչապետ. «Նախագահին զեկուցե՞լ են»
Այն, ինչ արվում է այսօր տնտեսությունում, 10 տարի հետո քաղաքականություն է դառնում: Այս կարծիքն այսօր ասուլիսում արտահայտեց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը, միաժամանակ հայտարարելով, որ տնտեսական անկումը դեռ չի հեռանում:
Ըստ նրա, Հայաստանը նոր արմատական բարեփոխումների կարիք ունի, մինչդեռ կառավարությունը ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ քայլեր չի անում: Հ. Բագրատյանը ծիծաղելի համարեց մասնավոր վիճակախաղի գոյությունը, նշելով, որ այն պետք է վերահսկի ֆինանսների նախարարությունը, առավել ևս անհասկանալի համարեց կառուցապատողներին ֆինանսավորումը, քանի որ տնտեսական անկման առյուծի բաժինը նրանց շնորհիվ է:
Ի՞նչպես է լինում, որ ինքնահոս եղանակով մատակարարվող ջրի գինը 182 դրամ է, Կիևում` 80, իսկ Ադրբեջանում ջրի գինն ավելի էժան է, մինչդեռ Կովկասում 21 մլրդ խմ ջրից 8 մլրդը Հայաստանի ջրի պաշարներն են: Ինչու՞ չենք օգտագործում Իրան-Հայաստան գազատար խողովակաշարը և համաձայնում ենք ռուսական գազի գնի թանկացումներին,- հարցադրումներ է անում տնտեսագետը:
Անդրադառնալով Հայաստանի տարեցտարի աճող արտաքին պարտքին, Հ. Բագրատյանը նշեց, որ 2008 թ-ին մեր երկրի արտաքին պարտքի սպասարկումը կազմել է 54 մլն դոլար, 2009 թ-ին` 74 մլն, 2010-ին կլինի 115 մլն դոլար, 2011-ին` 129 մլն դոլար, 2012-ին` 280 մլն, իսկ 2013-ին` 470 մլն դոլար:
«Նախագահին զեկուցե՞լ են, որ 3 տարի հետո 470 մլն դոլար է դառնալու` տասնապատկվելու է, որ 3 տարի հետո պարտքի սպասարկման համար ծախսվելու է 2 անգամ ավելի շատ փող, քան` բանակի վրա: Գոնե գիտի՞ դա»,- հարցնում է Հ. Բագրատյանը:
Բանախոսը նաև նշեց, որ այսօր երկրի առաջին 100 խոշոր բիզնեսների մեջ մեկ սփյուռքահայ չկա. «Մենք ապացուցեցինք, որ հնարավոր է վերցնենք օգնություն, բայց թույլ չենք տա որևէ սփյուռքահայ այստեղ բիզնես ունենա: Օտար պետությանը թույլ ենք տալիս, բայց սփյուռքահայի` երբեք»: Նախկին վարչապետը միաժամանակ խոստովանեց, որ իր ղեկավարության տարիներին էլ էր այդպես, բայց 1-2-ը, այնուամենայնիվ, կային: Հ. Բագրատյանի խոսքով, տեղի չի ունեցել Հայաստանի և Սփյուռքի տնտեսական ինտեգրացիա, իսկ օգնությունը 1-2 տարի տալիս են, հետո` ոչ: Հայաստանում սփյուռքահայերի տնտեսական ակտիվությունն էլ ավելի անկում ապրեց հատկապես երկքաղաքացիության ընդունումից հետո, ինչը, ըստ Հ. Բագրատյանի, նշանակում է ընդհանրապես քաղաքացիություն չունենալ:
Նշելով, որ տնտեսւթյունն ունի լուրջ քաղաքական ու տնտեսական բուժօգնության կարիք, Հ. Բագրատյանը ելքը տեսնում է տնտեսության ապակենտրոնացվածության մեջ: