19/01/2010 13:13
Սարգիս Հովսեփյանը չի ավարտում կարիերան
Մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում` ռուսաստանյան «Սպորտ Էքսպրեսը», տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը մտադիր է ավարտել խաղացողի կարիերան: Նման տեղեկությունների համար, հավանաբար, հիմք է ծառայել այն փաստը, որ Սարգիսը նախապատրաստական շրջանում երկար ժամանակ չի մարզվել:
Պատասխանելով մեր թղթակցի հարցին` «Փյունիկի» մամուլի քարտուղար Վահան Դանիելյանը հայտարարեց, որ Սարգիս Հովսեփյանը չի պատրաստվում ավարտել կարիերան և շարունակելու է ելույթները: Հայաստանի ազգային ընտրանու 37-ամյա ֆուտբոլիստը թիմի մարզումներին հենց սկզբից չի կարողացել մասնակցել միայն վնասվածքի պատճառով: Երեկվանից նա վերսկսել է պարապմունքները:
Հիշեցնենք, որ ազգային թիմում Սարգիս Հովսեփյանն իր նորամուտը նշել է 1992 թ., Մոլդովայի ընտրանու հետ խաղում: Անցած 18 տարիների ընթացքում Սարգիսը հավաքականում անցկացրել է 109 հանդիպում և այդ ցուցանիշով ռեկորդակիր է: 1998-2003 թթ. հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», այնուհետև` «Տորպեդո-Մետալուրգում»: «Փյունիկի» կազմում 9 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն` 3անգամ արժանանալով երկրի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Ավելացնենք նաև, որ Սարգիս Հովսեփյանը 1999 թ. դարձել է Ռուսաստանի գավաթակիր, իսկ 2001 թ. «Զենիթի» կազմում տիրացել է բրոնզե մեդալի: