20/01/2010 13:26
«Հայ-ռուսական առևտրաշրջանառությունը կվերականգնվի 2012 թ-ին»
Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրային շրջանառությունը, Ռուսաստանի վիճակագրության 11 ամսվա տվյալներով, 2009 թ-ին կազմել է 643 մլն դոլար, որից ռուսական արտահանումը կազմել է 544 մլն, ներմուծումը` 99 մլն դոլար: Ընդհանուր տարվա համար առևտրաշրջանառությունը կկազմի շուրջ 707 մլն դոլար, որը 2008 թ-ի համեմատ նվազել է մոտ 20 %-ով: Ընդ որում, ռուսական արտահանման անկումը կկազմի 14 %, իսկ հայկականը` 50 %, որի հիմնական մասը բաժին է ընկնում կոնյակին: Այս տվյալներն այսօր ասուլիսում ներկայացրեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը` ամփոփելով հայ-ռուսական տնտեսական համագործակցության արդյունքները 2009 թ-ին:
Նրա խոսքով, 2009 թ-ին Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումները նվազել են 35 %-ով և կկազմեն մոտ 300 մլն դոլար: Ընդհանուր ներդրումները ներկայումս մոտ 2,5 մլրդ դոլարից քիչ ավելի են, իսկ հաշվի առնելով նոր ատոմակայանի կառուցման հեռանկարները, ներդրումներն առաջիկա տարիներին կավելանան և կհասնեն մոտ 5 մլրդ դոլարի:
Ա. Զայցևը նշեց, որ մասնավոր տրանսֆերտները Ռուսաստանից Հայաստան 2009 թ-ին նույնպես կրճատվել են և կազմել են գրեթե 900 հազար դոլար:
Առևտրային ներկայացուցչի գնահատականներով, հայ-ռուսական առևտրաշրջանառությունը մասամբ կվեարականգնվի 2011 թ-ին, իսկ իր նախկին ծավալներին կհասնի միայն 2012-ին: