20/01/2010 11:34
Արտակ Դաշյանը կրկին ակտիվ էր
Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Դոնեցկի «Մետալուրգը» ստուգողական երկրորդ խաղում մրցակցեց Ռուսաստանի չեմպիոն Կազանի «Ռուբինի» հետ: Առաջինը հաջողության հասան կազանցիները` 5-րդ րոպեին Նոբոայի դիպուկ հարվածի շնորհիվ առաջ անցնելով հաշվի մեջ: Դոնեցկցիները, սակայն, չհանձնվեցին և առաջին կեսի ընթացքում կարողացան փոխել իրերի դրությունը: 18-րդ րոպեին Քինգսլին հավասարեցրեց հաշիվը, իսկ 29-րդ րոպեին Չեչերն իր թիմի առավելությունը նյութականացրեց ևս մեկ գոլով: Հանդիպման մնացած ժամանակահատվածում ուշադրության արժանի իրադարձություններ, անշուշտ, եղան, սակայն դարպասի նոր գրավում այդպես էլ չարձանագրվեց:
Ավելացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ թիմի հիմնական կազմում: 66-րդ րոպեին նրան փոխարինեց Տանասան: Ի դեպ, երկրորդ կեսում Հենրիխը կարող էր ավելացնել գնդակների տարբերությունը, սակայն «Ռուբինի» դարպասապահին հրաշքով հաջողվեց չեզոքացնել սպառնալիքը:
Իսկ «Բանանցի» ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը, ով փորձաշրջան է անցնում դոնեցկյան թիմում, 80-րդ րոպեին փոխարինեց Յանկովին: Ինչպես տեղեկացնում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը, Դաշյանը շատ ակտիվ ու օգտակար է գործել: Նա լավ հնարավորություններ է ստեղծել Տանասայի և Իվանկոյի համար, սակայն հարձակվողները չեն կարողացել օգտագործել այդ պահերը: