20/01/2010 12:18
«Հատիսը» կմասնակցի «Առաջին ալիքի գավաթի» մրցաշարին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի երկու հանդիպումներում էլ պարտություններ կրեց Օրենբուրգի «Նադեժդայից» և դուրս մնաց մայրցամաքային ակումբային մրցաշարից: Այժմ ակումբի ղեկավարները մտահոգված են, թե ինչպես պահպանեն խաղացողների մարզավիճակը և ինչպիսի մրցաշարերի մասնակցեն, որոնք կարող են հետաքրքիր լինել ինչպես հիմնականում լեգեոներներով համալրված «Հատիսի», այնպես էլ երկրպագուների համար:
Մեր ընթերցողները տեղյակ են, որ «Հատիսի» հովանավորը «Վիվասել-ՄՏՍ»-ն է: Վերջինս հովանավորում է նաև Հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակվող մարզական խոշորագույն իրադարձությունները: Հավանաբար, համագործակցության նման մակարդակի արդյունքը կլինի «Առաջին ալիքի գավաթի» խաղարկությունը, որը կազմակերպիչները (Հանրային հեռուստատեսություն, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա և «Հատիս» ակումբ) մտադիր են ավանդական դարձնել: Մրցաշարին կմասնակցեն Լիբանանի, Սիրիայի և Վրաստանի հավաքականները: Պլանավորվում է հետագայում ավելացնել մասնակիցների քանակը:
Ի դեպ, «Առաջին ալիքի գավաթի» խաղարկությունից հետո «Հատիսի» լեգեոներները ժամանակավորապես կեռանան թիմից և կրկին կհավաքվեն ամռանը` նախապատրաստվելու Եվրագավաթի հերթական մրցաշարին: