20/01/2010 09:46
Օբամա. Մեկ տարի նախագահի պաշտոնում
Այսօր լրանում է Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման մեկ տարին: Ուղիղ մեկ տարի առաջ Ամերիկան երկրի ղեկը հանձնեց իր պատմության մեջ առաջին սևամորթ նախագահին, ով մինչ այդ զբաղեցնում էր Իլլինոյս նահանգի սենատորի պաշտոնը:
Նախագահ Օբամայի խոստումները շատ էին` վերջ տալ պատերազմին Իրաքում, բարեփոխել առողջապահության և հարկային համակարգերը… ԱՄՆ մեծաթիվ հայ համայնքին Բարաք Օբաման նույնպես խոստում էր տվել, ինչի համար և արժանացավ ամերիկահայերի վստահության քվեին: Այդ խոստումը 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացրած հայերի Ցեղասպանության ճանաչումն էր: Սակայն 2009-ի ապրիլի 24-ին համայն աշխարհի հայերին ուղղված ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահ դարձած Օբաման այդպես էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառեզրը` փոխարինելով այն «Մեծ Եղեռն»-ով, որն արտաբերեց հայերեն:
ԱՄՆ նախագահի մեծագույն խնդիրներից մնաց Աֆղանստանում մղվող պատերազմը: 2009-ի գարնանը Բարաք Օբաման այս երկիր գործուղեց 21 հազար զինվորականների, իսկ նույն տարվա դեկտեմբերին` ևս 30 հազար: Աֆղանստանի հետ մեկտեղ ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավոր թիրախը մնացին նաև Պակիստանը և Յեմենը:
Օբամայի պաշտոնավարումը խորհրդանշեց Ռուսաստանի Դաշնության և մահմեդական աշխարհի հետ հարաբերությունների «վերալիցքավորումը»: Նոր որակի հարաբերությունների ակնկալիքներ:
Հիշեցնենք նաև, որ 2009 թվականին Բարաք Օբաման արժանացավ Նոբելյան Խաղաղության մրցանակին, ինչը որոշ վերլուծաբանների և փորձագետների մոտ տարակուսանք առաջացրեց:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Օբամայի վարկանիշին, ապա պաշտոնավարման մեկ տարուց հետո այն կազմում է 57%: Այս տվյալը, Ռիա Նովոստի գործակալության փոխանցմամբ, հարցումների արդյունքում պարզել է Gullup-ը:
Նշենք, որ նախագահի պաշտոնը նոր ստանձնած Օբաման վայելում էր ամերիկացիների 63%-ի վստահությունը: