21/01/2010 14:51
Ձկնաբուծություն. ռուսական և եվրոպական շուկաները հեռանկարային են
Այսօր Հայաստանում գործող 250 ձկնաբուծական տնտեսություններում արտադրվում է տարեկան 3000-3500 տ ձուկ` հիմնականում թառափ և իշխան: Սակայն ձկնաբուծական տնտեսությունների պոտենցիալը շատ ավելի մեծ է` կարող են տարեկան 150-300 հզ. տոննա ձուկ բուծել և ապահովել 1.5-2 մլրդ դրամ շրջանառութուն: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց Ձկնաբույծների միության նախագահ Արկադի Գևորգյանը:
Ըստ նրա, դեռ խորհրդային տարիներին Հայաստանում տարեկան արտադրվում էր մոտ 400 տ ծածան և իշխան, իսկ մոտ 200 տ էլ ստվերային տնտեսություններն էին արտադրում: Խորհրդային միության փլուզումից հետո ամեն ինչ վերացավ: Ընդ որում, այն ժամանակ ձկնարտադրության արհեստական լճակները վատ նախագծերով էին կառուցված, տնտեսություններն օգտագործում էին պոմպերով մղվող ջուր, աչքաթող անելով արտեզյան ջրերը, որոնցով Հայաստանը հարուստ է: Խորհրդային միության փլուզումից հետո, Ա. Գևորգյանի խոսքով, սկսեցին ավելի շատ գնահատել էլեկտրաէներգիան և սկեցին կառուցել տնտեսություններ, որոնք օգտագործում էին արտեզյան ջրերը: 1990-ական թվականներին Հայաստանում արտադրվում էր մոտ 25 տ ձուկ, իսկ մինչև 2000 թ-ն արտադրության ծավալները կազմում էին 1500-1800 տ:
«Պետք է ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնենք, որպեսզի ոչ թե ներկրենք ձուկ, այլ` արտահանենք»,- ասաց Ա. Գևորգյանը:
Նա տեղեկացրեց, որ վերջին տարիներին շուկաները փակ են եղել: Մասնավորապես, ռուսական շուկան փակվել էր խոզի ժանտախտի տարածումից հետո: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ռուսաստանի և Հայաստանի նախագահները համաձայնության են եկել և դեկտեմբերից հայ ձկնաբույծները իրավունք են ստացել ձուկ արտահանել Ռուսաստան: Այս ամսվա ընթացքում 3 անգամ յուրաքանչյուր ժամանակ 2 տ ծավալով ձուկ է արտահանվել, 1 անգամ էլ արտահանվել է Վրաստան: Սակայն, Ա. Գևորգյանի համաձայն, ռուսական կողմն ամեն առիթի դեպքում փակում է շուկան, հավանաբար իր արտադրողներին պաշտպանեու համար, և պետք է աշխատել, որ շուկան բաց լինի:
Բացի ռուսական շուկայից Ձկնաբույծների միության նախագահը արտահանման համար հեռանկարային է համարում եվրոպական շուկան, ուր արտահանելու համար այլ խնդիրներ կան. պետք է ապահովել սննդի անվտանգության չափանիշները, որոնք շատ խիստ են: Նա նշեց, որ դրանք ֆիզիկապես չեն կարող կատարել, քանի որ անհրաժեշտ լաբորատորիա գոյություն չունի, որտեղ կստուգվեր արտադրանքը:
«Մեր արտադրանքը բարձր կարգի է, դեղեր չենք օգտագործում, կերերն էլ եվրոպական են»,- վստահեցրեց Ա. Գևորգյանը, հավելելով, որ ոլորտի զարգացման համար հարկավոր է պետական հոգածություն: