21/01/2010 12:49
Ս.Սարգսյան. «Դերակատարությունը զուտ միայն խոսքերով չէ»
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ գրականության և արվեստի ոլորտի պետական մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը: Հատուկ հանձնախմբերի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա ՀՀ նախագահի հրամանագրով 2009 թվականի պետական մրցանակների են արժանացել գրականության ոլորտում Վահագն Գրիգորյանը` իր «Ժամանակի գետը» վեպի համար, երաժշտության ոլորտում` կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը` «Քրոնիկոն» ստեղծագործության համար, կերպարվեստի ոլորտում` Արարատ Աղասյանը, Հրավարդ Հակոբյանը, Մուրադ Հասրաթյանը, Վիգեն Ղազարյանը` «Հայ արվեստի պատմություն» աշխատության համար, ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում՝ Գրիգոր Ազիզյանը, Ստեփան Լազարյանը, Լևոն Խրիստաֆորյանը, Հայկ Այվազյանը, Վահանդուխտ Երեղյանը, Գրիման Հովսեփյանը և Ալբերտ Հայրապետյանը՝ Երևանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական նոր համալիրի համար:
Ողջունելով պարգևատրվածներին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նկատեց, որ պարգևատրումն արդեն ավանդական բնույթ է կրում:
«Ինձ համար դա շատ հաճելի պարտականություն է` մեկ անգամ ևս մեր պետության և ժողովրդի անունից երախտիքի և գնահատականքի խոսքեր ասելու այն մարդկանց, ովքեր զարգացնում են մեր մշակույթը, այն մարդկանց, ովքեր գոնե այսօրվա ժամանակակիցների կարծիքով, կարողացել են կերտել մնայուն ստեղծագործություններ:
Անշուշտ, ամենից կարևոր դատավորը ժամանակն է, բայց մենք` ժամանակակիցներս, պարտավոր ենք մեր գնահատականը տալ այն մարդկանց, ովքեր կարողանում են նոր շունչ հաղորդել մեր մշակույթի դարավոր ավանդույթներին: Եթե մենք դա չանենք, նշանակում է, որ մենք իներտ ենք, եթե մենք դա չենք անում, նշանակում է, որ մենք ի վիճակի չենք լավը նկատելու»,- ասաց երկրի ղեկավարը և վստահություն հայտնեց, որ վերջին տարիներին պետական մրցանակների արժանացած ստեղծագործությունների մեծ մասը բռնելու է ժամանակի քննությունը:
Շնորհակալություն հայտնելով հանձնախմբերի նախագահներին և անդամներին` նախագահ Սարգսյանը նշեց, որ նրանք հստակ պատկերացնում են, թե ինչպիսի դժվարությունների առջև են կանգնում Հայաստանի նման փոքր, բայց իր ավանդույթը ունեցող ժողովրդի բնավորության ուրույն գծեր ունեցող պետությունում: Նախագահը ուրախություն հայտնեց, որ հանձնախմբերը կարողանում են նման պայմաններում դրսևորվորել սկզբունքային մոտեցում:
Ս.Սարգսյանը նաև ընդունելի համարեց այն առաջարկությունները, որոնք ներկայացվում են հանձնախմբերի կողմից, նշելով, որ դրանցից չբխեն նախագահի վերջնական խոսքի իրավունքի կապված դրույթները:
«Ես համարում եմ, որ անշուշտ որոշողներն անպայման պետք է լինեն հանձնախմբի անդամները, բայց եթե իմ կամ իմ աշխատակազմի վերաբերմունքն այստեղ հաշվի չառնվի, այդ պարագայում նրանք չեն կոչվի պետական պարգևներ, այլ կարելի է մեկ այլ անվանում տալ դրանց», - նշեց երկրի ղեկավարը:
Ըստ նախագահ Սարգսյանի, եկել է ժամանակը, որպեսզի ընդլայնվի պետական մրցանակների ընդգրկումը:
«Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի մենք նոր հրամանագրով հայտարարենք երկու նոր մրցանակների սահմանման մասին. գիտության բնագավառում` ճշտգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում: Այդ հրամանագիրը մոտ ժամանակներս կլինի»,- ասաց Ս.Սարգսյանը, նշելով, որ ճիշտ կլինի, որպեսզի վերանայվի նաև մրցանակների գումարային մեծությունը:
«Մենք որոշում ենք կայացրել, որ կրկնապատկվի պետական մրցանակներին զուգահեռ տրվող գումարի չափը»,- հայտնեց ՀՀ նախագահը:
«Անշուշտ, ճգնաժամը ծանր հարված հասցրեց Հայաստանին, անշուշտ, որևէ մեկը չի կարող ասել, որ այսօր մենք ավարտել ենք ճգնաժամի հետ ունեցած մեր խնդիրները, բայց մենք իրոք տեսնում ենք, որ կան որոշակի դրական ազդակներ: Բայց մյուս կողմից էլ շատ ճիշտ են ասում այն մարդիկ, որոնք ասում են, որ նույնիսկ ամենադժվարին պահին մենք պետք է հաշվի առնենք գրականության, մշակույթի գիտնականի դերակատարությունը: Այդ դերակատարությունը զուտ միայն խոսքերով չէ»,- նշեց երկրի ղեկավարը:
Կրկին շնորհավորելով պարգևատրվածներին` ՀՀ նախագահը մաղթեց, որ ստեղծագործական կորովը լինի ամուր, լավ տրամադրությամբ նպատակաուղղված և ունենա ստեղծագործական երջանիկ պահեր: