21/01/2010 12:52
Ի՞նչ է սպասվում ժողովրդին. «Բարդ հարց է»
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանն այսօր ասուլիսում ներկայացրեց 2010 թ. տնտեսական իրավիճակի խնդիրները, միտումները և հեռանկարները:
Aysor-ի հարցին, թե առաջիկայում սպասվում է գազի գնի բարձրացում, որը կհանգեցնի առաջնային սպառման ապրանքների թանկացման, 2009 թ-ին աղքատության մակարդակը 3 տոկոսային կետով բարձրացել էր, իսկ այս տարի կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում և այս իրավիճակում ի՞նչ է սպասվում ժողովրդին. Վ. Այվազյանը ասաց. «Ես պատրաստ չեմ այս հարցին ամբողջական պատասխան տալու, որոհետև չգիտեմ թե գազի թանկացումը կոնկրետ ինչ գնային սահմանների մասին է խոսք գնում, պաշտոնապես տեղեկություն դեռ չունենք: Առաջարկել ենք ծրագրի մեջ ներառել եկամտաբերության և կորուստների հետ կապված խնդիրը, որի քննարկելը ԱԺ իրավասության շրջանակներում է»:
Նրա խոսքով, սա աշխատավարձերի և կենսաթոշակների ինդեքսացիայի հարցն է: Բյուջեի 935 մլրդ դրամից 245 մլրդ-ը սոցպաշտպանվածության ծախսերն են, որի պարագայում 193 մլրդը դեֆիցիտն է:
«Ես, միանշանակ, կողմ չեմ, որ պարտք վերցնելով ապահովենք սոցիալական ինդեքսացիայի խնդիրը: Պետության քաղաքական ղեկավարությունն առանց այդ էլ 2009 թ-ին որևէ մեկ կրճատում չկատարեց սոցոլորտում: Քիչ է, թե շատ է, դա այլ հարց է, բայց որ քո խոսք տված գումարը այդ պահին տալիս ես... ունե՞նք մենք այլ հնարավորություն ավել տալու»:
Վ. Այվազյանը հայտնեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պահանջել է ներկայացնել հաշվետվություն` պարզելու, թե որքա՞ն է կազմում «ՀայՌուսԳազարդի» կողմից մատուցվող ծատայությունների 1 խմ գազի սակագինը, այսինքն որքա՞ն է շահութաբերությունը: Բանախոսի կարծիքով, գազը շատ բարձր գնով չի վաճառվում` շահութաբերության տոկոսը մոտ 5-6 % է:
«Բարդ հարց տվեցիք: Կարո՛ղ եմ պատասխանել, բայց ուզում եմ անկեղծ լինել: Կարող եմ ասել, թե ոչինչ, կգա ժամանակը, ինդեքսավորում կլինի: Ո՛չ»,- ասաց Վ. Այվազյանը, հավելելով, որ բարեփոխումների գործընթաց գնում է, մասնավորապես, կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելը, իսկ տնտեսվարողներին ինդեքսացիա պարտադրելը, «տուպիկ է» և հենց մեխանիզմը դրվի` տնտեսական ակտիվությունը միանգամից կընկնի: