22/01/2010 15:50
Արտակ Դաշյանը կմասնակցի նաև «Մետալուրգի» երկրորդ հավաքին
Հունվարի 23-ի առավոտյան Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլային պատվիրակությունը կմեկնի Թուրքիա` ուսումնամարզական երկրորդ հավաքը Բելեկ քաղաքում անցկացնելու համար: Այս անգամ թիմը կհանգրվանի «Ela Quality Resort» հյուրանոցում:
Նիկոլայ Կոստովի գլխավորած մարզչական շտաբն արդեն որոշել է, որ երկրորդ հավաքին մասնակցելու են 24 ֆուտբոլիստներ: Նրանց թվում է նաև Երևանի «Բանանցի» ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը, ով փորձաշրջան է անցնում «Մետալուրգում» և մասնակցել է նաև այդ թիմի առաջին ուսումնամարզական հավաքին: Դա նշանակում է, որ նա վատ տպավորություն չի թողել, և «Մետալուրգի» ղեկավարներն ու մարզիչները նվազագույնը չեն կորցրել այդ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը: Նշենք, որ Թուրքիա է մեկնել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով գործող պայմանագիր ունի այդ ակումբի հետ:
Ավելացնենք, որ 13 օր տևող հավաքի ընթացքում «Մետալուրգը» ստուգողական 3 հանդիպում է անցկացնելու: Հունվարի 27-ին դոնեցկցիները կհանդիպեն ռուսաստանյան «Կռիլյա Սովետովի», հունվարի 30-ին` Կրասնոդարի «Կուբանի», փետրվարի 3-ին` սերբական «Նապրեդակի» հետ: