22/01/2010 16:35
ՎՊ-ն ստուգելու է բոլոր վարկային ծրագրերը
2010 թվականի հաստատված ծրագրով նախատեսում են ուսումնասիրություններ կատարել վարկային ծրագրերում, կրթական, մասնավորապես բուհական և ակադեմիական համակարգերում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նշեց, որ կրթության ոլորտում իրականացվող վերահսկողությամբ ՎՊ-ն պետք է նպաստի կառավարությանն ավարտի հասցնելու այդ ոլորտում շարունակվող բարեփոխումները:
Ի. Զաքարյանը հայտնեց, որ Վերահսկիչ պալատը ստացել է հատուկ գեոռադար մեքենա` ԱԶԲ-ի և ՀԲ-ի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող ճանապարհաշինության որակը ստուգելու համար:
«Մոտ ժամանակներս Հայաստան կժամանի Գերմանիայի Վերահսկիչ պալատի մասնագետը, և մեր մասնագետների հետ համատեղ ստուգումներ կանցկացնեն նոր գեոռադար մեքենայի օգնությամբ»,- ասաց նա և հավելեց, որ այս տարի Լեհաստանի Վերահսկիչ պալատի հետ նախատեսված է քննարկել բնապահպանական ոլորտում համատեղ վերահսկողության անցկացման հարցը: Ռուսաստանի Դաշնության վերահսկիչ պալատի հետ նախատեսվում է ստուգումներ իրականացնել սահմանապահ զորքերում:
Անդրադառնալով վարկային ծրագրերի վերահսկողությանը` Ի. Զաքարյանը նշեց, որ ստուգվելու են բոլոր տեսակի վարկավորումները:
«Այս տարվա մեր ծրագրի 35 տոկոսը, կամ 1/3-ը վարկային ծրագրերն են: Որևէ խտրականություն չկա, բոլոր ծրագրերն ընդգրկված են վերահսկողության շրջանակներում: Կարծում եմ` մյուս տարիներիներին այն ծրագրերը, որոնք արդեն կավարտվեն, նույնպես կդառնան վերահսկողության առարկա»,- հայտնեց ՎՊ նախագահը: