22/01/2010 14:09
Սերժ Սարգսյանը գոհ է Վերահսկիչ պալատի աշխատանքից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպեց Վերահսկիչ պալատի աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը երկրի ղեկավարին ներկայացրեց երկու տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքը` նշելով 2010 թվականի գործունեության ծրագրի առաջնահերթությունները:
Նախագահ Սարգսյանը նաև պարգևներ հանձնեց 2009 թվականին բարեխիղճ և արդյունավետ աշխատանք կատարած ՎՊ երեք աշխատակիցներին:
Ողջունելով ՎՊ բոլոր աշխատակիցներին` ՀՀ նախագահը շեշտեց, որ պարգևատրումը նշանակում է, որ Վերահսկիչ պալատը կայանում է:
«Սա նշանակում է, որ մենք արձանագրում ենք Վերահսկիչ պալատի ճիշտ ճանապարհը, մենք սրանով նաև ցույց ենք տալիս, որ տեսնում ենք այն դրական զարգացումները և խրախուսում ենք այս դրական զարգացումները»,- ասաց նա:
Երկրի ղեկավարը նկատեց, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երկրում կան բազմաթիվ խնդիրներ:
«Միայն միամիտներին կարող է թվալ, որ մեկ հարվածով կարելի է այդ բոլոր պրոբլեմները լուծել: Դրա մասին կարող են խոսել մարդիկ, ովքեր պատկերացում ընդհանրապես չունեն պրոբլեմների ծավալի և կառավարման մեթոդների մարդկային հնարավորությունների մասին: Ուստի մենք պետք է տրամադրվենք տևական, նպատակասլաց համառ աշխատանքի»,- ասաց նախագահը, հավելելով, որ այդ աշխատանքը չի կարող պատրվակ լինել հանրությանը սպասեցնելու համար:
«Մենք պետք է կարողանանք պրոբլեմներից տարբերակել կարևորները և կարողանաք նպատակաուղղված քայլեր կատարել այդ պրոբլեմները լուծելու համար», - պարզաբանեց երկրի ղեկավարը և համոզմունք հայտնեց, որ Վերահսկիչ պալատի դերակատարումը կայանում է նրանում, որ այն կարողանա նկատել եղած խնդիրներն ու թերությունները, առաջին հերթին` կառավարման ոլորտում, և ճիշտ որոշումներ կայցնի:
«Ոչ միայն նկատել այդ թերությունները, ոչ միայն վեր հանել պրոբլեմները, այլ նաև ակտիվ մասնակցություն ունենալ այդ թերությունների վերացման և խնդիրների լուծման գործում»,- նշեց Ս.Սարգսյանը, հավելելով, որ ՎՊ գործունեությունն իր մեջ պետք է ներառի նաև պետական միջոցների կառավարման խնդիրը:
«Վերահսկիչ պալատի 2009 թվականի գործունեությունից ես ունեմ գոհունակության զգացում, բայց ասածս չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվել են և զարգանալու տեղ չկա: Ընդհակառակը, իմ ասածս նշանակում է, որ դուք սկսել եք աշխատել նորմալ, և անպայման մենք պետք է և ակտիվանանք, և խորացնենք ինչպես մեր գիտելիքները, այնպես էլ բարելավենք մեր աշխատանքի որակը»,- ասաց ՀՀ նախագահը: