23/01/2010 14:54
Թուրքիան փորձում է ձգձգել, ԱՄՆ-ը` արագացնել
«Թուրքիան փորձում է ամեն կերպով ձգձգել գործընթացը, և Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը լավ պատրվակ է համարում, որպեսզի աշխարհին ներկայացնի, թե գործընթացը ձգձգվում կամ կասեցվում է հենց Հայաստանի պատճառով, իսկ Միացյալ Նահանգները կողմնակից են, որ գործընթացն արագ ընթանա, և հայ-թուրքական հարաբերությունները հստակորեն բարելավվեն, քանի որ այդ միանշանակ ԱՄՆ-ի շահերից է բխում»,- հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` Aysor-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի արտգործանախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը` ԱՄՆ պետքարտուղարի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ Ա. Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հակասում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ստորագրված արձանագրություններին, և խնդրել է Հայաստանից մեկնաբանություններ պահանջել: Միևնույն ժամանակ` ԱՄՆ պետդեպարտամենտը` պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի գլխավորությամբ, դրական է գնահատել Հայաստանի ՍԴ որոշումը:
Ըստ Ա. Շաքարյանի` ԱՄՆ-ը փորձում է Թուրքիայի նմանատիպ մարտավարությանը տեղիք չտալ: Մյուս կողմից, նրա կարծիքով, Թուրքան «թե´ հայտարարություններով, թե´ քայլերով փորձելու է ձգձգել, Ադրբեջանին համոզել, թե Թուրքիան անկեղծորեն չի ուզում Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել, մինչև Արցախի հիմնահարցը չլուծվի»:
«Միացյալ նահանգներն ամեն դեպքում, հատկապես նախագահ Բարաք Օբաման փորձելու են, որ Թուրքիան մինչև ապրիլի 24-ը մի առաջխաղացում ունենա, որովհետև ապրիլի 24-ը գալու է, և Օբաման պետք է ինչ-որ մի բան ասի, ու Օբամայի ճառում բովանդակություն լցնելու համար` պետք է Թուրքիայից պահանջել ինչ-որ բան անել»,- մանրամասնեց Ա. Շաքարյանը:
Թե ի՞նչ կանի Թուրքիան հարցին ի պատասխան Ա. Շաքարյանը հայտնեց, որ Թուրքիան «նվազագույնը արձանագրությունների քննարկում պետք է սկսի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում»: Նա գտնում է նաև, որ ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայի արտաքին հարաբերույթունների հանձնաժողովը «կտա հավանություն, սակայն մեր Սահմանադրական դատարանի որոշման նման, կլինեն մի շարք վերապահումներ»: Նա չբացառեց նաև, որ վերապահումը կլինի Լեռնային Ղարաբաղի հարցով:
«Թուրքիան, միանշանակ, վավերացում չի տա Ազգային ժողովի մակարդակով, սակայն մի քիչ ավելի ստորին մակարդակով կտա վավերացում` պարզապես ցույց տալու աշխարհին ու Երևանին, որ ինչ-որ դրական քայլ է անում»,- ընդգծեց Ա. Շաքարյանը:
Ա. Շաքարյանը համոզված է նաև, որ Թուրքիան ինքնակամ ու իր ցանկությամբ չի գնա վերջնական վավերացման և կանի դա միայն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության համատեղ ճնշումների արդյունքում: Այս հանգամանքը նա բացատրեց` նշելով, որ «Թուրքիան կողմ չէ գործընթացի վերջնական ամփոփմանն այս տարի, այլ նրան ավելի ձեռնտու է գործընթացը հնարավորինս ձգձգելն ու դրա մեղքը հնարավորինս Հայաստանի վրա բարդելը»:
«Ուստի Երևանը պետք է հստակորեն շատ լուրջ քայլեր անի, որպեսզի, եթե գործընթացը կասեցվելու լինի, չլինի պաշտոնական Երևանի պատճառով, այլ Անկարայի պատճառով»,- հայտնեց Ա. Շաքարյանն ու ամփոփելով իր խոսքը` նշեց. «Ամեն դեպքում Հայաստանի ԱԺ-ն չպետք է առաջինը վավերացնի, պետք է սպասի Անկարայի վավերացմանը»: