23/01/2010 11:58
«Բրենդի ստեղծում և կառավարում». հատուկ դասընթաց Երևանում
Այսօր Երևանում կազմակերպվել է «Բրենդի ստեղծում և կառավարում» դասընթացը, որի նպատակն է զարգացնել ընկերությունների կարողությունները տվյալ ոլորտում: Դասընթացին մասնակցում են սկսնակ և մարզային 24 ՏՀՏ ընկերությունների 34 ներկայացուցիչներ, այդ թվում` 3 ներկայացուցիչ կա Վրաստանից:
Դասընթացը կազմակերպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)` SPMS ընկերության օժանդակությամբ:
SPMS ընկերության տնօրեն Հայկուհի Տակսիլդարյանի խոսքով, մեր երկրում ՏՏ, ֆինանսաբանկային և մի շարք այլ ոլորտները բավականին զարգացած են, բայց բրենդի առումով բավականին թույլ են:
«Տնտեսական տեսանկյունից բավականին աշխատանք կա անելու բրենդի զարգացման ուղղությամբ: Շուկայում շատ թույլ բրենդներ ունենք և տարածաշրջանում հարիր ներկայանալու խնդիր կա: Մեզ մոտ խնդիր կա նույնիսկ Հայաստանի Հանրապետության բրենդի ներկայացման առումով, որն ամենակարևոր դերերից մեկն է խաղում նույնիսկ տուրիզմի զարգացման ոլորտում: Որոշակի նախագծեր արվում են բայց քիչ են: Մասնագետները նույնպես շատ քիչ են»,- ասաց Հ. Տակսիլդարյանը:
Կազմակերպիչների կարծիքով, «Բրենդի ստեղծում և կառավարում» դասընթացը կօգնի հասկանալ, թե ինչ է բրենդը, ինչպես այն ստեղծել, կներկայացնի բրենդի դիրքավորում շուկայում, ինքնությունը, ատրիբուտները, հավատարմություն և բրենդի կառավարումը: Այսինքն դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան պատասխաններ ստանալ հետևյալ հարցերին`որոնք են բրենդի պատկերի հիմնական բաղադրիչները/ատրիբուտները, ինչպես են բրենդի ատրիբուտները կապված սպառողի ակնկալիքների հետ, արդյոք հնարավոր է բարելավել պատկերը կամ ստեղծել նոր պատկեր, արդյոք բրենդի ատրիբուտները դիտարկվում են, թե ոչ, ինչքանով է արդյունավետ պատկերի հասցեատերին հասցնելու մեթոդը, որն է բրենդի պատկերը ժամանակին կառուցելու հմտությունը և այլն: