25/01/2010 15:15
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հունվարի 22-ին դասախոսությամբ հանդես է եկել Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի (ՄՏՎԻՀ)` տևական ժամանակ բջջային առաջատար օպերատորի փորձն ուսումնասիրող ուսանողների առջև:
Տնտեսագիտության հիմունքներն ու գիտելիքներն ուսումնասիրող ուսանողները, որոնց մի մասը Ռուսաստանի` ազգությամբ հայ քաղաքացիներ են, համամիտ են Հայաստանի բջջային առաջատար օպերատորի գլխավոր տնօրենի այն դիտարկմանը, որ աշխատաշուկա ձևավորելով` կարելի է նպաստել երկրի զարգացմանը:
Հայրենիքում բարձրագույն կրթություն ստանալու փաստն ուսանողները համարում են լավ հնարավորություն` տեղում իրավիճակը վերլուծելու, գնահատելու և մասնագիտությամբ աշխատելու համար: Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության նրբություններն ուսումնասիրող ուսանողները եկել են այն համոզման, որ այդ տեսանկյունից շատերի համար օգտակար կարող է լինել ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը:
Հայաստանի բջջային առաջատար օպերատորը ողջունում է ժամանակակից մեթոդներով զինվելու ուսանողների ձգտումը: Ընկերության հաջողություններն ու որդեգրած արժեհամակարգը լսարանին ներկայացրեց գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ցանկացած ուղի լի է մարտահրավերներով: Դրանում միայն բարդություն տեսնելն արդեն իսկ ձախողում է: Հավատով, նվիրմամբ ու եռանդով նպատակին ձգտելը ցանկացած նախաձեռնության հարցում կարող է երաշխավորել ցանկալի արդյունք: ՎիվաՍել-ՄՏՍ-ում բոլորն առաջնորդվում են այդ սկզբունքով: Արդյունքներն ակնհայտ են: Ձգտեք միշտ լինել լավատես և հետևողական», - ուսանողներին հորդորեց ընկերության գլխավոր տնօրենը:
Ուսանողները հնարավորություն ստացան ներկայացնելու իրենց ձեռքբերումները` ակնկալելով նոր հանդիպումներ և հետագա համագործակցություն: