26/01/2010 12:23
Կքննարկվի ՏՏ ոլորտում Հայաստան-Իտալիա համագործակցությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հրավերով հունվարի 26-ից 27-ը Հայաստանում է գտնվում Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաոլո Ռոմանիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապրի բաժնից:
Պատվիրակության կազմում ընդգրկված են հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, հեռուստառադիոթվայնացման, ինտերնետային լայնաշերտ համացանցի ծառայության և փոստային ծառայությունների փորձագետներ (Իտալիայում ամենամեծ Elsag Datamat of Finmeccanica ընկերությունից) ոլորտներից:
Այցի շրջանակում կքննարկվեն հեռուստառադիոհեռարձակման թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային ծառայությունների ոլորտում երկու երկրների միջև հետագա համագործակցության հնարավորությունները:
Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի, ՀՀ հանրային ծառայություևնները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի հետ:
Այցի երկրորդ օրը պատվիրակությունը կմեկնի Գյումրի: Գյումրիում շրջայցից հետո նրանց կներկայացվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, այդ թվում լայնաշերտ ինտերնետային ցանցի զարգացման հեռանկարները, ինչպես նաև կտրվի Գյումրու տեխնոպարկի ծրագրի նկարագրությունը: