27/01/2010 10:17
«2010-ը էլեկտրոնային հաշվետվությունների համար բեկումնային կլինի»
«250-ից ավելի տնտեսվարող սուբյեկտներ այսօր արդեն էլեկտրոնային ստորագրությունը ստացել են, և հույս ունենք, որ մյուս խոշոր տնտեսվարողները նույնպես առաջիկայում կստանան: Օրենքը պահանջում է, որ բանկերը, վարկային, ապահովագրական կազմակերպությունները, պետական մասնաբաժնով ընկերությունները այս տարի մինչև հուլիսի 1-ը հարկային հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով, իսկ հուլիսի 1-ից հետո 100 մլն դրամ և ավել շրջանառություն ունեցողները ևս պետք է իրենց հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային եղանակով»,- այս մասին Aysor-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը` հավելելով, որ 2010 թ-ն այդ առումով բեկումնային կլինի:
Նրա խոսքով, դրանից հետո հիմքեր կլինեն, որպեսզի հաշվետվությունների գերակշիռ մասն առաջիկա տարիներին արդեն ամբողջությամբ ստացվեն էլեկտրոնային եղանակով:
«Դա հնարավորություն կտա սուբյեկտիվիզմի բացառության, ձեռքի աշխատանքի կրճատման, տվյալների բազայի ապահովման, ինչը թույլ կտա վերլուծական աշխատանքներ անել և միայն ռիսկեր պարունակող սուբյեկտների մոտ իրականացնել վարչարարություն»,- նշեց Ա. Ալավերդյանը:
Ա. Ալավերդյանը հայտնեց, որ ներկայումս սպասարկման 2 կենտրոններ գործում են Երևանում, մինչև ամառ նախատեսվում է ևս 3 կենտրոններ ստեղծել մարզերում` Շիրակում, Վանաձորում և, հավանաբար, Կապանում:
Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, էլեկտրոնային կարգով հաշվետվությունների ընդունումը «օրվա խնդիր» է: Սակայն հասարակությունն էլեկտրոնային մշակույթի առումով «ամենաբարձրերից չէ», և դա խոչընդոտում է նաև հարկային հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով ընդունելուն:
«Ցավոք, ԱՊՀ երկրներից միջին հաշվով ետ ենք մնացել: Միայն Ղազախստանը հարկային հաշվետվությունների 75 %-ը ստանում է էլեկտրոնային եղանակով, իսկ մեզ մոտ դա առայժմ գրեթե 0 է»,- փաստեց Ա. Ալավերդյանը: