27/01/2010 15:26
«Թուրքիան շատ կցանկանար, որ Արցախը դառնա բանակցային կողմ»
«Ես այն կարծքին չեմ, որ Ղարաբաղի հարցում վերջնական հանգրվանի ենք հասնում, սակայն որ եռակողմ հանդիպումները շարունակվում են, դա առաջընթաց է, և մեկ անգամ ևս ապացուցում է, որ կողմերը նստում են սեղանի շուրջ և բանակցում»,- անդրադառնալով երկուշաբթի Սոչիում կայացած Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպմանը` ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Իսկ ամենակարևորն, ըստ Մինասյանի, այն է, որ հայտարարվեց, թե Ղարաբաղը դառնալու է բանակցային կողմ, և սա «ՀՀ-ի վերջին 15 տարիների քաղաքականության արդյունքն է»:
Մ.Մինասյանը նաև բնական համարեց, որ ադրբեջանական կողմն իր հանրությանը նախապատրաստելու համար իր երկրում դիվանագիտական հակահարված է տալիս, նշելով, թե Արցախը չի կարող բանակցային կողմ դառնալ:
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն էլ ասյտեղ Թուրքիայի «օգուտն» է տեսնում. «Թուրքիան շատ կցանկանար, որ Արցախը դառնա բանակցային կողմ, և այդ ժամանակ կարող է հանգիստ սահմանը բացել»:
Սակայն Կարապետյանն ամեն դեպքում երկու հարցերի փոխկապակցվածություն է նկատում, սակայն նրա համոզմամբ, դա չի նշանակում, թե պետք է զիջումներ լինեն:
Մկրտիչ Մինասյանի խոսքով, հայկական կողմը հստակ է ասել, որ այս երկու խնդիրները չպետք է կապել:
«Արժե՞, որ այդ երկու խնդիրները պայամավորվեն մեկը մյուսով, եթե հայ-թուրքական սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ընդամենը ամիսների խնդիր են, Ղարաբաղյան հարցի լուծումը չի կարող ամիսների խնդիր լինել»,- նշեց ՀՀԿ պատգամավորը:
Նա նաև դրական համարեց հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացը, քանի որ գտնում է, որ մի օր պետք է փորձ արվեր սառած վիճակից հարաբերությունները փոխել, և առաջին քայլն արդեն արված է: