27/01/2010 10:46
Սիրանուշ Անդրիասյանը գլխավորեց մրցաշարային աղյուսակը
Հայաստանի կանանց շախմատի առաջնության 5-րդ տուրում Լիա Մարտիրոսյանը, ով նախորդ երկու տուրում հաջող ելույթների շնորհիվ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, ոչ-ոքի խաղաց Նարինե Գասպարյանի հետ: Այժմ նա 3,5 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում Անի Խանամիրյանի հետ, ով, իր հերթին, հաջողության հասավ Անի Խառատյանի հետ մրցակցությունում:
Մյուս պարտիաներում նույնպես արդյունավետ արդյունքներ գրանցվեցին: Մարիաննա Գասպարյանն առավելության հասավ Լուսինե Կարապետյանի, Սիրանուշ Անդրիասյանը` Աննա Հայրապետյանի, Նաիրա Մովսիսիյանը` Վարդուհի Քալաշյանի նկատմամբ:
Այսպիսով` 5-րդ տուրից հետո կանանց առաջնությունում միանձնյա առաջատարի դերը 4 միավորով ստանձնել է Սիրանուշ Անդրիասյանը: Նրան, ինչպես արդեն նշեցինք, 3,5-ական միավորով հաջորդում են Անի Խանամիրյանն ու Լիա Մարտիրոսյանը: Նարինե Գասպարյանն ու Մարիաննա Գասպարյանը վաստակել են 3-ական, Լուսինե Կարապետյանը` 2,5, Նաիրա Մովսիսյանն ու Անահիտ Խառատյանը` 2, Աննա Հայրապետյանը` 1,5 միավոր: Մրցաշարային աղյուսակն անհուսալիորեն եզրափակում է Վարդուհի Քալաշյանը, ով պարտվել է անցկացրած բոլոր պարտիաներում: