28/01/2010 14:06
«ՀայՌուսԳազԱրդ»-ը գլխավորում է խոշոր հարկատուների աղյուսակը
«Հայ ՌուսԳազարդ», «Ալեքս-Գրիգ», «Ղ-Տելեկոմ» ընկերությունները գլխավորել են 2009թ-ի 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Այս երեք ընկերությունների կողմից անցած տարվա ընթացքում պետական բյուջե վճարված հարկերը միասին կազմել են 50, 450 մլրդ դրամ: Առաջին եռյակին են հաջորդում «ԱրմենՏելը», «Ֆլեշը» և «Սիթի Պետրոլ Գրուպը»` միասին վճարված 34, 559 մլրդ դրամ հարկերով:
Ինչպես երևում է Պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակված աղյուսակի կառուցվածքից, անցած տարվա Հայաստանի տնտեսական անկումային ցուցանիշներն իրենց ազդեցությունն են թողել նաև խոշոր հարկատուների ցուցակի կառուցվածքում: Նախկինում ցուցակները միանձնյա առաջնորդող հսկան` «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատն» անցած տարվա գործունեությունից վճարած հարկերի ցուցանիշով հայտնվել է 8-րդ հորիզոնականում` վճարելով 3,337 մլրդ դրամի հարկ: Նրան նախորդում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` 6,382 մլրդ դրամ վճարված հարկերով: Ինչպես երևում է Հայաստանում անցած տարվա ՀՆԱ 14,4 % անկումային ցուցանիշների պարագայում տնտեսության մեջ առավել ազդեցիկ են եղել ծառայությունների և առևտրի ոլորտները:
Խոշոր հարկատուների առաջատարների ցուցակում նաև անհայտ անուններ են հայտնվել, օրինակ «Վիդիմ Դիմթրիբյուշնը»` որը 6,618 մլրդ դրամի հարկ է վճարել պետական բյուջեին: Տնտեսության նորեկներից «Օրանժ Արմենիան»` վճարել է 4,395 մլրդ դրամ և հայտնվել 11-րդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ կապի ֆրանսիական այս օպերատորը Հայաստանում իր ծառայությունները սկել է մատուցել միայն անցած նոյեմբեր ամսից:
Վարդանյաններ ընտանիքին պատկանող «ԻնթերնեյշնլՄասիս Տաբակը» և «Գրանդ Տոբակոն» հայտնվել են համապատասխանաբար` 10-րդ և 17-րդ տեղերում ` միասին վճարելով 9,104 մլրդ դրամի հարկեր: Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա քորփորեյշնը» 15-րդ տեղում է` 2,999 մլրդ դրամ ցուցանիշով: Նույն գործարարի մեկ այլ բիզնես` «Միկա ցեմենտը» վճարել է 543,4 մլն դրամ և հայտնվել 114-րդ տեղում:
Բանկային ցուցակն անցած տարվա արդյունքներով` խոշոր հարկատուների աղյուսակում սկսվում է 17-րդ հորիզոնականից, որն առաջնորդում է «ԱկբաԿրեդիտ Ագրիկոլ Բանկը»` 2,339 մլրդ դրամով, նրան են հաջորդում «Արդշինիվեստբանկը»` 2,294 մլրդ դրամով, և «ՎՏԲ-Հայաստան բանկը»` 2,202 մլրդ դրամ վճարված հարկով: