29/01/2010 15:19
Թուրքիային ձեռնտու է հայ համայնքի անկազմակերպ վիճակը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը անդրադարձավ Պոլսի Հայոց պատրիարքի մոտակա ընտրությունների խնդրին և նշեց, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը երկար ժամանակ է, որ տառապում է անբուժելի հիվանդությամբ, և ծառացել է աթոռակից Պատրիարք ընտրելու հարցը:
Բանախոսը տեղեկացրեց, որ ըստ պատրիարքության կանոնադրության` Պատրիարք ընտրված անձը մնում է իր պաշտոնում` անկախ հիվանդությունից, և այսօր դրված է միայն աթոռակից Պատրիարքի ընտրությունը. Մեսրոպ Մութաֆյանը ցմահ մնալու է Պատրիարք:
Ռուբեն Մելքոնյանը կարծքիք հայտենց, որ հայ համայքնը Ստամբուլում «առավելապես կրոնական համայնք է» և «հովվապետի բացակայությունը համայնքում ստեղծել է մի փոքր գլխատված վիճակ»:
«Թուրքական իշխանությունները այս հարցում նույնպես ունեն որոշակի շահագրգռվածություն»,- հայտարարեց թուրքագետը և հավելեց, որ Պատրիարքը գլխավորում է հայ համայնքը և իրավական, և երբեմն նաև բարոյական առումով. հայ համայնքը իր խնդիրները չի կարող լուծել առանց Պատրիարքի:
«Թուրքական իշխանություններին, պատրիարքարանի պասիվ կեցվածքը, համայնքի ոչ կազմակերպված վիճակը, միայն ձեռնտու է», - ընդգծեց Ռ. Մելքոնյանը հավելելով, որ Պոլսո Հայոց Պատրիարքարանը նաև պատասխանատվություն է կրում Թուրքիա մեկնած Հայաստանի հայ քաղաքացիների համար, որոնք այսօր շուրջ 20 հազար են:
«Պատրիարքի ընտրությունը ոչ միայն կրոնական նշանակություն ունի, այլև ազգային, քանի որ հայաստանցիներն իրենց տարբեր խնդիրներով հաճախ դիմում են Պատրիարքարան», - շեշտեց թուրքագետ Ռ. Մելքոնյանը: