29/01/2010 12:45
Արթուր Պետրոսյանը` սպորտի նախարա՞ր
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը երկրի նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել դիմում իր հրաժարականի մասին: Այս տեղեկատվությունը հաստատում են նաև հայաստանյան մարզական գերատեսչության մեր աղբյուրները:
Ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանի` այդ պաշտոնում Արմեն Գրիգորյանին կփոխարինի աշխատանքի պետական տեսչության պետ Արթուր Պետրոսյանը:
Այն մասին, որ Արմեն Գրիգորյանը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, վաղուց էր խոսվում: Նույնիսկ տեղեկություններ կային, որ նախարարի պաշտոնը կզբաղեցնի ԱՄՆ-ից վերադարձած լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը: Բայց այդ լուրերը, ինչպես երևում է, միայն կիսով չափ էին ճշմարտություն պարունակում:
Իհարկե, սպասելի էր, որ մարզական գերատեսչությունը կգլխավորի այնպիսի մի անհատականություն, ով ներսից ծանոթ կլինի մարզական բնագավառի խնդիրներին և կունենա հետագա զարգացման ապահովման կոնկրետ լուծումներ: Իսկ թե այս առումով որքանո՞վ արդյունավետ կլինի աշխատանքի պետական տեսչության նախկին ղեկավարի գործունեությունն սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում, մենք կխոսենք մեր հետագա հրապարակումներում: