29/01/2010 11:56
Ֆրիտյոֆ Նանսենի 8 հատորյակը կներկայացվի հայերենով
Այսօր Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի է ունենալու խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, 20-րդ դարի մեծ մարդասեր, Երևանի պետական համալսարանի առաջին պատվավոր դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենի գրքերի շնորհանդեսը:
Ինչպես Aysor-ի հետ զրույցում հայտնեցին Ազգային գրադարանից, ներկայացվելու է Ֆ. Նանսենի ստեղծագործությունների 8 հատորյակը` «Բնության գրկում», «Ծովափոկերի և սպիտակ արջերի մեջ», «Դեպի բևեռ», «Շպիցբերգեն», «Դեպի ապագայի երկիր», «Դահուկներով Գրենլանդիայով. Էսկիմոսների կյանքը», «Ֆրամը` բևեռային ծովում» և «Խաբված ժողովուրդ»:
Շնորհանդեսի ընթացքում տեղի է ունենալու նաև հանդիպում «Նանսենի» հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Բախչինյանի հետ: Վերջինիս գրադարանը շնորհելու է Ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալ: Բացի այդ, գրադարանում բացվելու է Ֆ. Նանսենի գրքերի ցուցահանդես:
Իր ճանապարհորդությունների ու տպավորությունների մասին պատմող գրքերում Ֆ. Նանսեը գրել է նաև հայ ժողովրդի ու Հայաստանի մասին: Մասնավորապես «Խաբված ժողովուրդ» գրքում Նանսենը ներկայացնում ու գնահատականներ է տալիս մեր ազգի պատմական ճակատագրի 20-ական թվականների, թուրքական անմարդկային բռնությունների ու դիվանագիտական խարդավանքների, եվրոպական բազմադիմի ու շահադիտական քաղաքականության վերաբերյալ:
Նշենք նաև, որ «Դեպի բևեռ» գիրքը թարգմանել է Մեսրոպ Նուբարյանը, իսկ «Շպիցբերգեն» գիրքը ռուսերենից թարգմանել է Շուշանիկ Նալբանդյանը: