29/01/2010 16:58
Երևանում է Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը
Այսօր Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը:
Երևանի քաղաքապետարանում Գ. Բեգլարյանը և Յ. Լուժկովը քննարկեցին Երևանի և Մոսկվայի միջև 2008-2011 թթ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքին վերաբերող, ինչպես նաև` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրներ:
Այնուհետև քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցավ պայմանագրերի ստորագրումը: Գ. Բեգլարյանը և Յ. Լուժկովը ստորագրեցին «Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում համագործակցության մասին» համաձայանգիր:
Երևանի Կենտրոն և Մոսկվայի Կենտրոնական, Ավան և Հյուսիսային վարչական շրջանների ղեկավարները ստորագրեցին շրջանների միջև կրթության, մշակույթի, սպորտի, բարեկարգման, կանաչապատման, համատիրությունների գործունեության և քաղաքային տնտեսության ու մի շարք այլ ոլորտներում համագործակցության ծրագրեր:
Երկու մայրաքաղաքների ղեկավարները փոխանակեցին նաև փոքր հուշանվերներ:
Հավելենք, որ քաղաքապետարանից երկու մայրաքաղաքների ղեկավարները մեկնեցին Նորագյուղ թաղամաս` այնտեղ կառուցվելիք առևտրային կենտրոնի տարածքը դիտելու:
Մոսկվայի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Երևանից կմեկնի վաղը: