01/02/2010 11:40
Ավետիք Գրիգորյանի չեմպիոնական վերջաբանը
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին տուրից առաջ հայտնի էր հաղթողի անունը: Ավետիք Գրիգորյանն ավելացրել էր հետապնդողների նկատմամբ ունեցած միավորների առավելությունը և նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը:
Չնայած այդ հանգամանքին, վերջին տուրը չէր կորցրել խաղային ինտրիգը, քանի որ դեռ պարզ չէր, թե ովքեր տեղ կզբաղեցնեն մրցանակային եռյակում:
Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Տիգրան Քոթանջյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Վաստակելով կեսական միավոր` նրանք իրենց միավորների թիվը հասցրեցին 5,5-ի և հանգրվանեցին մրցաշարային աղյուսակի երկրորդ և երրորդ հորիզոնականներում: Միավորներով նրանց հավասարվեց նաև Արտաշես Մինասյանը, ում հաշվետու տուրում հաջողվեց պարտության մատնել Դավիթ Քալաշյանին: Վերջնարդյունքում նա գրավեց չորրորդ տեղը:
Չնայած Ավետիք Գրիգորյանն արդեն նվաճել էր չեմպիոնի կոչումը, չթուլացրեց տեմպը և կարողացավ հաղթել նաև վերջին տուրում: Դավիթ Պետրոսյանի նկատմամբ նրա հաղթանակը, իրոք, չեմպիոնական ուժեղ վերջաբան էր:
Մյուս պարտիայում Արթուր Չիբուխչյանն ու Հրանտ Մելքումյանը կիսեցին միավորը:
Մրցաշարային ամփոփիչ աղյուսակը
1. Ավետիք Գրիգորյան-7,5 միավոր
2. Տիգրան Լ. Պետրոսյան-5,5
3. Զավեն Անդրիասյան-5,5
4. Արտաշես Մինասյան-5,5
5. Ռոբերտ Հովհաննիսյան-5
6. Հրանտ Մելքումյան-4
7. Արթուր Չիբուխչյան-4
8. Տիգրան Քոթանջյան-3,5
9. Դավիթ Քալաշյան-2,5
10. Դավիթ Գ. Պետրոսյան-2