03/02/2010 14:59
Շիրակ Թորոսյան. Սահմանի բացումը ձեռնտու չէ Վրաստանին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Վրաստանի դիրքորոշմանը և նշեց, որ Վրաստանը շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ և հայ-թուրքական սահմանների բացմամբ:
«Հայ-թուրքական սահմանի բացումը կնշանակի, որ Վրաստանը դադարում է լինել մենաշնորհային դիրք ունեցող պետություն Հայաստանի համար` ճանապարհների, բեռնափոխադրումների, կոմունիկացիաների առումով», - նշեց Շիրակ Թորոսյանը:
Այն դիտարկմանը, որ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին Երևանում հայտարարություն է արել, ըստ որի հայ-թուրքական սահմանի բացումը տարիֆների վրա ոչ մի ազդեցություն չի ունենա, Շիրակ Թորոսյանը կարծիք հայտնեց, որ դա ևս ցույց է տալիս վրացական իշխանությունների «անբարյացկամությունը` հայ-թուրքական հարաբերություների բարելավման հետ կապված»:
«Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, այլընտրանքային ճանապարհ ունենանք, բնականաբար բեռնափոխադրումների սակագների վերանայում պետք է լինի»,- ընդգծեց Շ. Թորոսյանը և հավելեց, որ անընդհատ նույն սակագները մնալ չեն կարող, իսկ հայ-թուրքական սահմանի բացումից հետո հայ և օտարերկրյա գործարաները կցանկանան Թուրքիայի տարծքով բեռնափոխադրումներ իրականացնել, այլ ոչ թե Վրաստանի:
«Չվերանայելու այդ հայտարարությունը, ես կարծում եմ, անբարյացկամ վերաբերմունքի, քամահրական վերաբերմունքի արդյունք է»,- շեշտեց բանախոսը: