04/02/2010 15:42
«Հայկական պանրի» նպատակն է հայկական պանիրների արտահանումը
Այսօր լրագրողների հետ հանդիպեցին Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը և Պանրագործների ասոցիացիայի տնօրեն Արմեն Գիգոյանը: Բանախոսներն անդրադարձան Հայաստանում պանրի արտադրության զարգացմանը և արտահանմանը:
Ռոբերտ Հարությունյանը տեղեկացրեց, որ 2009թ.-ին Զարգացման հայկական գործակալությունը Պանրագործների ասոցիացիայի հետ միասին հիմնել են մի կառույց, որը կոչվում է «Հայկական պանիր» և որի միջոցով փորձում են Հայաստանում զարգացնել պանրի արտադրության ոլորտ, ինչպես նաև խթանել Հայաստանից պանրի արտահանումը:
««Հայկական պանրի» հիմնական նպատակը մեկ բրենդի տակ, որը կլինի հենց հայկական պանիրը, արտահանել տեղական արտադրության պանիրներ»,- նշեց Ռ. Հարությունյանը և հավելեց, որ հայաստանյան պանրագործները խնդիրներ ունեն իրենց արտադրանքը դրսի շուկաներում ներկայացնելու հետ, և «Հայկական պանիր» ընկերության նպատակներից է նաև դրսում կազմակերպել մարկետինգային, գովազդային, ինչպես նաև գործընկերներ գտնելու աշխատանքներ:
«Սա բավականին հետաքրքիր մի փորձ է` պետություն մասնավոր համագործակցության. նորաստեղծ կազմակերպության մեջ 50 տոկոս մասնաբաժին ունի պետությունը, մյուս մասնաբաժինը պատկանում է պանրագործների ասոցիացիային»,- տեղեկացրեց Զարգացման հայկական գործակալության տնօրենը:
Ինչ վերաբերում է Պանրագործների ասոցիացիայի գործունեությանը, ապա ասոցիացիայի տնօրեն Արմեն Գիգոյանը նշեց, որ իրենց կազմակերպության նպատակն է պանրի որակի բարձրացման, աշխատանքի և արտադրության կազմակերպման հարցերը, ինչպես նաև աշխատանքներ են տարվում խթանելու Հայաստանից պանրի արտահանումը: