05/02/2010 12:20
«Բանանցը» «Ֆարուլին» ջախջախեց 5:1 հաշվով
Երևանի «Բանանց» ֆուտբոլային թիմն Անթալիայում կազմակերպված ուսումնամարզական հավաքի ընթացքում անցկացրել է ստուգողական առաջին հանդիպումը: Մեր թիմի մրցակիցը Ռումինիայի առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ «Ֆարուլն» էր: Հանդիպման ողջ ընթացքում հայ ֆուտբոլիստները տիրում էին նախաձեռնությանը: Նրանք ավելի գրագետ ու նպատակամղված էին գործում:
Ինչպես նախորդ ընկերական խաղերում, այս անգամ ևս «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստևիցա Կուզմանոսկին խաղադաշտ մտցրեց իր տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստներին` երկրորդ խաղակեսն սկսելով միանգամայն այլ կազմով: Չնայած այդ հանգամանքին, հայաստանյան թիմը երկու կեսում էլ մրցակցից շատ ուժեղ էր և տրամաբանական հաղթանակ տոնեց 5:1 հաշվով:
«Բանանցը» հանդիպումն սկսեց այսպիսի կազմով` Ցվետոմիր Ցանկով, Նիկոլայ Նիկոլով, Էդուարդ Կակոսյան, Յարեմա Կավացիվ, Գագիկ Դաղբաշյան, Սամվել Մելքոնյան, Արարատ Առաքելյան, Արթուր Ոսկանյան, Բետո, Դուբալա, Արսեն Բալաբեկյան:
Երկրորդ կեսում խաղադաշտ մտան հետևյալ ֆուտբոլիստները` Տիգրան Դավթյան, Հովհաննես Համբարձումյան, Արմեն Զաքարյան, Հրաչյա Եղիազարյան, Ժորա Ստեփանյան, Սարգիս Նասիբյան, Նոա Կասուլե, Վալտեր Պողոսյան, Սարգիս Կարապետյան:
Ինչպես տեղեկացնում է «Բանանց» ակումբի մամուլի ծառայությունը, մեր թիմի կազմում առաջին կեսում աչքի են ընկել Բետոն, Սամվել Մելքոնյանը և Արարատ Առաքելյանը: «Բանանցի» առավելությունը երկրորդ կեսում ամրապնդել են Արմեն Զաքարյանն ու Ժորա Ստեփանյանը` մրցակցին ևս երկու անգամ ստիպելով խաղը վերսկսել դաշտի կենտրոնից:
Ավելացնենք, որ հաջորդ հանդիպումը «Բանանցը» կանցկացնի փետրվարի 9-ին` մրցակցելով Խորվաթիայի բարձրագույն խմբի առաջնության ներկայացուցիչ «Ռիեկան»: